Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրամիությանը մեղադրել է իր կառավարությունը տապալելու փորձի մեջ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չորեքշաբթի հայտարարել է, որ Եվրամիության գործադիր իշխանությունը փորձում է տապալել իր կառավարությունը և «խամաճիկ» վարչակազմ պարտադրել Բուդապեշտին՝ իր բողոքը համեմատելով 1956 թվականի հակախորհրդային խռովության հետ, որը Կարմիր բանակը խեղդել է արյան մեջ։ Հունգարիայի վարչապետը, որը բազմիցս ընդհարվել է ԵՄ առաջնորդների հետ, վերջին անգամ այս ամսվա սկզբին Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի և միգրացիայի վերաբերյալ իր ինքնիշխան քաղաքականությունը Բրյուսելի համար անընդունելի է:
«Գիտենք, որ նրանք ցանկանում են մեզ ներքաշել պատերազմի մեջ (Ուկրաինա), որ նրանք ցանկանում են իրենց ներգաղթյալներին պարտադրել մեզ…իսկ մեր զավակներին հանձնել գենդերային ակտիվիստներին»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Բուդապեշտում բացված Միլենարիս զբոսայգու բեմահարթակից: «Մենք գիտենք, որ նրանց մտքինը խամաճիկ կառավարությունն է, կուսակցությունը, որը նրանք ցանկանում են պարտադրել մեզ»,-նշել է Օրբանը՝ նկատի ունենալով ընդդիմադիր առաջնորդ Պիտեր Մադյարի «Տիսա» կուսակցությանը:
Օրբանը Մադյարին մեղադրել է «անծանոթներին հրավիրելու համար, որ իրեն օգնեն հունգարացիների դեմ պայքարում»։
Միաժամանակ, Օրբանը չի պարզաբանել՝ ինչպես է Եվրահանձնաժողովը փորձել տապալել իր կառավարությունը և ստեղծել խամաճիկ վարչակազմ, և որևէ ապացույց չի ներկայացրել ԵՄ քաղաքականության կամ հայտարարությունների վերաբերյալ՝ իր մեղադրանքները հաստատելու համար: Իր հերթին, ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Օրբանի խոսքերը։