Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հանձնարարություններն է կատարում, նրա ծղրտոցները ոչ մի արժեք չունեն․ Անգամ սեփական կուսակցությունում նրան լուրջ չեն վերաբերվում. Էդգար Ղազարյան
«Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, այդպիսին եղել է բոլոր ժամանակներում` «Ելք» դաշինքից սկսած, մինչև հիմա։ Նա պաշտոնապես այլևս հատուկ հանձնարարություններով դեսպան չէ, բայց շարունակում է կատարել Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները. ամբողջ նպատակը քաղաքական դաշտը աղավաղելն է։ Էդմոն Մարուքյանը թշնամական ռեժիմի մաս է կազմել մշտապես և հիմա էլ շարունակում է սպասարկել այդ ռեժիմին»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«2017 թվականին Էդմոն Մարուքյանը պատգամավոր է դարձել «Ելք» դաշինքի կազմում, այսինքն՝ իր կուսակցությունն առանձին խորհրդարանում չէր կարող հայտնվել։ 2018 թվականին ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո Մարուքյանը մասնակցել է ընտրությունների՝ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական կոալիցիայի մաս կազմած, անցել է խորհրդարան՝ բավական մեծ թվով ձայներով և ընդամենը երեք տարի հետո, երբ ընտրություններին մասնակցել է սեփական կուսակցությամբ, անգամ խորհրդարան չի անցել, շեմը չի հաղթահարել, դրանից հետո իր կուսակցությունից մարդիկ են հեռացել, և ինքն իր այդ դիրքավորումով՝ հատուկ հանձնարարություններով դեսպան լինելով, շատ ավելի է վարկաբեկվել։
Հիմա ինքը հերթական մեկ հոգանոց կուսակցություն է՝ մարդ-կուսակցություն։ Ո՞վ է Էդմոն Մարուքյանին լուրջ վերաբերվում, անգամ իր կուսակցությունում լուրջ չեն ընդունում։ Երբ էլ լինի ընտրություն, այդ մարդը 0,1 տոկոս ձայն չի հավաքի։
Էդմոն Մարուքյանի ծղրտոցները նախկին նախագահների հասցեին որևէ արժեք չունեն, ինքն ո՞վ է, որ պետք է նախկին նախագահներին քաղաքականությունից հեռանալու կոչ անի։ Ցանկացած մարդ, որ Հայաստանի պետականության կերտման, շենացման գործում թեկուզ ամենափոքր դրական ներդրումն է ունեցել, չի կարող հիմա կրավորական կեցվածքով հետևել այս զարգացումներին։
Հանրապետության նախագահից սկսած, մինչև ամենացածր պետական պաշտոն զբաղեցրած գործիչները պետք է իրենց ունեցած բոլոր ռեսուրսներով պայքարեն այս հանցախմբի դեմ։ Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վարկաբեկվա՞ծ են, իսկ ինքը հեղինակավո՞ր է։ Պետականության կերտման, հայրենիքի ազատագրության հարցում այդ մարդի՞կ են ունեցել ահռելի վաստակ, թե՞ Էդմոն Մարուքյանը»,- շեշտեց Էդգար Ղազարյանը։