Իրանում մահապատժի են ենթարկել 17 մարդու մահվան պատճառ դարձած ալկոհոլն արտադրողներին

Իրանի մայրաքաղաքի արվարձանում` Քերեջ քաղաքում, մահապատժի են ենթարկվել կեղծ ալկոհոլի արտադրության և զանգվածային տարածման համար մեղադրվող 4 անձ։ Այդ խմիչքն անցած տարի 17 մարդու մահվան և շուրջ 200-ի թունավորման պատճառ էր դարձել։ Այս մասին Nour News գործակալությանը հղում անելով` հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մահապատիժը 2023 թվականի հունիսի 16-ին Քերեջում ի կատար է ածվել սպիրտային խմիչքների արտադրության և տարածման գործով, ինչի հետևանքով 17 մարդ մահացել էր, 191 հոգի` թունավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Nour News-ի տվյալներով` մահապատժի են ենթարկվել 4 հիմնական մեղադրյալները, մյուսները պատիժը կրում են անազատության մեջ։

Իրանում «չոր օրենք» է գործում, սակայն իսլամ չդավանող անձինք, ինչպես նաև ձեռնարկությունների սեփականատերերը, կարող են ալկոհոլի սահմանափակ ծավալներ ընդունել կրոնական ծեսեր անցկացնելու և արտադրական նպատակներով։

Տեսանյութեր

Լրահոս