Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Թուրքիա՝ «հաղթանակի ծրագիրը» քննարկելու համար
Հոկտեմբերի 20-22-ը Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, որտեղ կանցկացնի բարձր մակարդակի կարևոր բանակցություններ ուկրաինա-թուրքական համագործակցության շուրջ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Անկարա կատարելիք այցի ընթացքում Սիբիգան կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ։
Գերատեսչության տվյալներով, բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու քաղաքական, տնտեսական, պաշտպանական-արդյունաբերական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Քննարկվելու են նաև Սև ծովում նավագնացության ազատության և անվտանգության հարցերը։
«Հատկապես ուշադրություն է դարձվելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկած հաղթանակի ծրագրին, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրմանը և խաղաղության բանաձևին, որը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման բանալին է», – հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
Ստամբուլում Անդրեյ Սիբիգան կմասնակցի SAHA EXPO 2024 պաշտպանական-արդյունաբերական ցուցահանդեսին, որտեղ հանդիպումներ կունենա թուրքական պաշտպանական ընկերությունների հետ։ Նախարարը կհանդիպի նաև Թուրքիայի ուկրաինական և ղրիմյան թաթարների համայնքների հետ և կայցելի Ստամբուլի համալսարան, որտեղ ուկրաիներենի ամբիոնի դասախոսների ու ուսանողների հետ կքննարկի ակադեմիական համագործակցության ընդլայնման և Թուրքիայում ուկրաիներենի ուսումնասիրմանն աջակցելու ուղիները։