ԵՄ-ն՝ Օդեսայում հացահատիկով նավերի վրա հարձակումների մասին. սա պատասխան է Պուտինի հետ խաղաղություն ցանկացողներին
Եվրամիությունը պատասխանել է ուկրաինական հացահատիկ տեղափոխող քաղաքացիական նավերին ռուսական հարվածների ավելացմանը՝ շահագրգիռ երկրներին հորդորելով ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ դադարեցնելու համար այդ գործողությունները։ Ինչպես հաղորդում է European Pravda-ն, համապատասխան հայտարարությունը Բրյուսելում ամենօրյա ճեպազրույցում ընթերցել է ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ վերջին օրերին Ռուսաստանը մեծացրել է հարձակումները Սև ծովում ուկրաինական հացահատիկ տեղափոխող քաղաքացիական նավերի վրա։ Մասնավորապես, երեկ բալիստիկ հրթիռներով խոցվել է երկու նավ՝ մեկը Պանամայից, երկրորդը՝ Պալաուից, մի քանի օր առաջ հարձակման է ենթարկվել Սենթ Քիթս ի Նևիսի նավը, անցյալ ամիս Ռուսաստանը ռմբակոծել է Եգիպտոսի համար նախատեսված հացահատիկով նավը, իսկ մինչ այդ՝ Թուրքիայի նավ ։
Ստանոն ընդգծել է, որ բոլոր այս երկրները Պուտինն անվանում է բարեկամ երկրներ:
Նրա խոսքով՝ այս բոլոր գործողությունները տեղի են ունենում ի հավելումն այն բանի, որ Ռուսաստանը շարունակում է ամենօրյա հարձակումների ժամանակ ոչնչացնել ուկրաինական ամբարները և նավահանգստային ենթակառուցվածքը՝ գողանալով ուկրաինական հացահատիկը։
«Այս բոլոր գործողությունները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են և պետք է անհապաղ դադարեցվեն։ Սա ապացուցում է, որ Ռուսաստանը վճռական է շարունակելու սնունդը դարձնել իր զենքը՝ վտանգի տակ դնելով միլիոնավոր մարդկանց ոչ թե՝ Ուկրաինայում կամ Եվրոպայում, այլ՝ Ասիայի և Աֆրիկայի խոցելի մարդկանց: Եվ սա Պուտինի պատասխանն է նրանց, ովքեր ասում են, որ Պուտինի հետ խաղաղություն հնարավոր է»,- ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում դատապարտելու Ռուսաստանի հարձակումները նավարկության ազատության և համաշխարհային պարենային անվտանգության դեմ։
«Մենք նաև կոչ ենք անում նրանց ձեռք մեկնելու Ռուսաստանին և ճնշում գործադրելու նրա վրա՝ անհապաղ դադարեցնելու այդ հարձակումները և անօրինական ագրեսիան Ուկրաինայի դեմ», – ասել է նա։



