Չինաստանը նախկին բանկիրին մահապատժի է դատապարտել 55 մլն դոլար կաշառք վերցնելու համար
Չինաստանի կենտրոնական Հուանգան քաղաքի դատարանը Չինաստանի Ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկ) ղեկավարի նախկին տեղակալ Ֆան Իֆեյին դատապարտել է մահապատժի 386 միլիոն յուան (55 մլն ԱՄՆ դոլար) կաշառք ստանալու համար: Մահապատիժն անմիջապես փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը։
Դատարանը համարել է, որ Ֆան Իֆեյը կատարել է «հանցագործություն՝ կապված առանձնապես լուրջ հանգամանքների հետ, որը հանգեցրել է ծանր սոցիալական հետևանքների»։ Մասնավորապես, ըստ Չինաստանի պետական CCTV լրատվամիջոցի, ԿԲ-ի ղեկավարի նախկին տեղակալն «առանձնապես խոշոր վնաս է հասցրել ժողովրդական շահերին»։
Նշվում է, որ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, քանի որ ամբաստանյալն ընդունել է մեղքը և զղջացել կատարածի համար, ինչպես նաև օգնել քննիչներին և վերադարձրել հափշտակված միջոցները։
Չինաստանի իշխանություններն ակտիվացրել են պայքարը կոռուպցիայի դեմ 2012 թվականին Սի Ծինփինի իշխանության գալուց հետո: Վերջին տարիներին լայնածավալ հակակոռուպցիոն արշավի արդյունքում բազմաթիվ պաշտոնյաներ զրկվել են իրենց պաշտոններից և դատապարտվել բանտարկության, այդ թվում՝ ցմահ ազատազրկման: