Հարիսը Զելենսկիին առաջարկել է իրեն իրավահաջորդ ընտրել մահվան կամ գերության դեպքում․ WP

ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է մշակել «հաջորդության ծրագիր» այն դեպքում, եթե նա «գերեվարվի կամ սպանվի»։ Այս մասին ասվում է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, լրագրող Բոբ Վուդվորդի «Պատերազմ» նոր գրքում, որից հատվածներ հրապարակել է The Washington Post-ը։

Ըստ Վուդվորթի՝ Հարիսը Զելենսկիի հետ այս թեմայի շուրջ զրույց է ունեցել 2022 թվականի փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում։ Միաժամանակ, ըստ լրագրողի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար հեշտ չէր հավատալ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոշի ներխուժել Ուկրաինա։

Երբ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը Բայդենին ներկայացրել է ամերիկյան հետախուզության տվյալները մոտալուտ ագրեսիայի մասին, ԱՄՆ նախագահը դա անվանել է «խելագարություն»:

«Աստված իմ, հիմա ես պետք է գործ ունենամ Ռուսաստանի հետ, որը կլանում է Ուկրաինան»,- ըստ լրագրողի՝ ասել է Բայդենը։

Մինչ այդ, Time ամսագիրը գրել էր, որ Հարիսն Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց մեկ շաբաթ առաջ հրաժարվել է զենք փոխանցել Զելենսկիին և կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Ըստ պարբերականի՝ քաղաքական գործիչների հանդիպումը Մյունխենի համաժողովում երանգ է հաղորդել նրանց հետագա հարաբերություններին, որոնք «երբեք առանձնապես ջերմ չեն եղել»։

Factor.am

Տեսանյութեր

Լրահոս