Բաժիններ՝

Իսրայելի արտգործնախարարը մերժել է «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի առաջարկը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը մերժել է «Հեզբոլլահ»-ի հետ 21-օրյա հրադադար հաստատելու առաջարկը, որ ներկայացրել էին ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները։ Այս մասին Կացը գրել է X սոցիալական հարթակում։

«Հյուսիսում հրադադար չի լինի։ Մենք կշարունակենք կռվել «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության դեմ մեր ամբողջ ուժով՝ մինչև հաղթանակ և հյուսիսի բնակիչների ապահով վերադարձ իրենց տներ», – գրել է Իսրայելի ԱԳ նախարարը։

Մինչ այս Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հույս էր հայտնել, որ շուտով հրադադար կհաստատվի։ The New York Times-ն իր հերթին, վկայակոչելով պաշտոնյաների, հայտնել էր, որ կողմերն «առաջիկա ժամերին» կարող են ընդունել 21-օրյա հրադադար հաստատելու՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առաջարկը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Նյու Յորք մեկնելիս ասել է, որ դեռ չի տվել իր պատասխանը հրադադարի վերաբերյալ և որ իր բանակին հրահանգել է շարունակել կռիվը։ 

Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ 

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 630-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է։  

Սեպտեմբերի 26-ին Յունին քաղաքի եռահարկ շենքերից մեկին հասցված ավիահարվածի հետևանքով առնվազն 23 սիրիացի է զոհվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս