Լիբանանում առնվազն 492 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածներից
Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհվել է առնվազն 492 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ զոհերի թվում կա 35 երեխա։ 1645 մարդ վիրավորվել է։
Լիբանանի հարավում գտնվող բազմաթիվ ընտանիքներ սեպտեմբերի 23-ից փախչում են տներից՝ գերբեռնված մեքենաներով։ Դեպի երկրի հյուսիս տանող մայրուղիները ծանրաբեռնված են մեքենաների հոսքով։
Լիբանանում ճգնաժամերին արձագանքը համակարգող նախարար Նասեր Յասինը Reuters-ին հայտնել է, որ դպրոցներում և այլ հաստատություններում 89 ժամանակավոր ապաստարան է բացվել, որոնք կարող են տեղավորել 26 000 մարդու։
Իսրայելն իր հերթին հայտնել է, որ հարվածել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման շուրջ 1600 թիրախի Լիբանանի հարավում և Բեքաայի հովտում։ Իսրայելը սեպտեմբերի 23-ին հայտնել էր ծրագրվող հարվածների մասին՝ լիբանանցիներին կոչ անելով հեռանալ։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձով դիմել է լիբանանցիներին։
«Իսրայելի պատերազմը ձեր դեմ չէ, «Հեզբոլլահ»-ի դեմ է։ Շատ երկար ժամանակ է, որ «Հեզբոլլահ»-ը ձեզ օգտագործում է որպես կենդանի վահաններ», – ասել է նա։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ ԱՄՆ-ն կողմ չէ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև իրավիճակի սրմանը, և որ Վաշինգտոնը մտադիր է կոնկրետ գաղափարներ քննարկել դաշնակիցների և գործընկերների հետ՝ կանխելու պատերազմի ընդլայնումը։
Սաուդյան Արաբիան մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ բոլոր կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել։ Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը գտնվում է Նյու Յորքում, հայտնել է, որ Իսրայելը ցանկանում է Մերձավոր Արևելքը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ՝ սադրելով, որ Իրանը նույնպես ներգրավվի դրանում։ Իսկ Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ «Հեզբոլլահ»-ի թիրախներին հարվածելով փորձում են խմբավորմանը ստիպել դիվանագիտական լուծման համաձայնել։
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև լարվածությունն ավելի է սրվել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում «Հեզբոլլահ»-ի անդամներին պատկանող հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյուններից հետո, որոնք առնվազն 39 զոհի և ավելի քան 3000 վիրավորի պատճառ են դարձել։