Ամբողջ Իտալիայում անցկացվում է հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլ
Ամբողջ Իտալիայում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են անցկացնում՝ բողոք հայտնելով աշխատանքային պայմանների դեմ։ ANSA գործակակալությունը հաղորդում է, որ հասարակական տրանսպորտի աշխատանքը կդադարի ութ ժամով:
Գործադուլների ժամերը տարբերվում են՝ ըստ քաղաքների։ Հռոմում գործադուլը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:30-ից, իսկ Միլանում 8-ժամյա բողոքի ակցիան կսկսվի ժամը 18:00-ից: Ներկայիս մասշտաբային գործադուլը հինգերորդն է փետրվարից ի վեր։ Սեպտեմբերի 7-ին գործադուլ են արել մի շարք ավիաընկերությունների աշխատողներ, այդ թվում՝ ITA Airways-ը։
Սեպտեմբերի 9-ին երկաթուղայինների գործադուլն ավելի քան երկու ժամով գնացքների ուշացման է հանգեցրել ազգային երկաթուղիների ամբողջ ցանցում:
Արհմիությունները պահանջում են պայմանագրի երկարաձգում, որը կերաշխավորի հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատակիցներին անհրաժեշտ աշխատավարձի վճարումը, կապահովի նրանց համար աշխատանքային պայմանների բարելավում և անվտանգություն։



