Էստոնիայում հայտնել են, որ ՆԱՏՕ-ի երկրներն ունեն հակահրթիռային պաշտպանության ապահովման հետ կապված խնդիրներ
ՆԱՏՕ-ի երկրները լուրջ խնդիրներ ունեն՝ կապված հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) իրենց համակարգերի հետ։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։
«Թերությունը, որն իրականում մեծ խնդիր է ՆԱՏՕ-ում բոլորի համար, հակահրթիռային պաշտպանության կարողություններն են, այսինքն՝ մինչև 20 կմ բարձրությամբ և 150-200 կմ հեռավորությամբ թռչող հրթիռներին դիմակայելու կարողությունը», – նրա խոսքը մեջբերում է Էստոնիայի պետական հեռուստատեսության և ռադիոյի ERR հարթակը։
Պևկուրը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի կողմից երկրի առջև դրված նպատակներին հասնելու համար Էստոնիան պետք է պաշտպանական ծախսերը հասցնի ՀՆԱ-ի 5 %-ին։
Ավելի վաղ Պևկուրն արդեն հայտարարել էր պաշտպանական ծախսերի ավելացման մասին։ Հուլիսին գերմանական Welt թերթին տված հարցազրույցում նա ասել էր, որ իր երկրի ռազմական ծախսերը 2026 թվականից ներկայիս 3 %-ից կհասնեն ազգային ՀՆԱ-ի մոտավորապես 4 %-ին: Դրա համար Էստոնիայի կառավարությունը համաձայնել է սահմանել նոր «անվտանգության հարկ», որը կվճարի յուրաքանչյուր հարկատու՝ առանձին բացառություններով: