Ակումբի դիմացից ոչ սթափ երիտասարդներ են տարվել ոստիկանություն. նրանցից մեկը կոտրել է ոստիկանության ապակին
Օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտ՝ «Մոսկով Շոու ակումբ»-ի դիմաց, գտնվում են մի խումբ անձինք, որոնց ձեռքին կան դանակներ, հայհոյում են անցորդներին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Նույն օրը ոստիկանության ծառայողները, ժամը 02։15-ի սահմաններում նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 23-ամյա Գարեգին Ե․-ին, 34-ամյա Դավիթ Բ․-ին և 21-ամյա Դավիթ Մ․-ին, որոնք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված հասցեի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ անցորդների և ոստիկանության ծառայողների հասցեին:
Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխված Դավիթ Մ․-ն այնտեղ նույնպես իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, շարունակել է հնչեցնել հայհոյանքներ և ձեռքով հարվածել է աշխատասենյակի դռան ապակուն, որի հետևանքով վնասվել է վերջինիս ձեռքը և կոտրվել է աշխատասենյակի դռան ապակին:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունում Դավիթ Բ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կտրոց (ռեզակ):