Բաժիններ՝

«Երբ բարձրանում եմ արվեստանոց՝ փոթորկուն վիճակը հանձնում եմ կտավին ու հանդարտ իջնում եմ»․ Արմինե Ավետիսյան

Հայաստանի Նկարիչների միությունում բացվել է Արմինե Ավետիսյանի (Մանոն) տարբեր տարիներին արված ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Էմոցիոնալ փոթորիկ» խորագրով։

«Խորագիրը տղաս է առաջարկել, բայց սկզբում ինձ համար մի քիչ անսովոր էր, քանի որ մեղմ, հանգիստ մարդ եմ։ Մի քիչ մտածեցի ու հասկացա, որ ճիշտ է։ Ես շատ էմոցիոնալ մարդ եմ ու երբ սկսում եմ նկարել՝ նկարում եմ տպավորություններ, իմ հոգեվիճակը, ընդվզումը։ Երբ բարձրանում եմ արվեստանոց՝ փոթորկուն վիճակը հանձնում եմ կտավին ու հանդարտ իջնում եմ»,- նշեց նկարչուհին՝ ընդգծելով, որ ինչքան էլ տխուր նկար լինի, միշտ ինչ-որ լույս կա։

Նկարչուհին հիշեց՝ իր առաջին ցուցահանդեսը եղել է 5 տարեկանում և, ինչպես ինքն է ասում՝ նկարել էր «շատ աղջիկների»՝ 19-րդ դարի հագուստով։

«Ունեմ բալզակյան շարք, որը 1996թ․ Փարիզում անհատական ցուցահանդեսին ներկայացրել եմ։ Սիրում եմ Օնորե դը Բալզակ, նրա ստեղծագործություններում կա հոգի, էմոցիա»,- անկեղծացավ մեր զրուցակիցը։

Մեր հարցին՝ նկարիչները կարողանո՞ւմ են իրենց ստեղծագործությունները վաճառել և ապրել այդ գումարով, Արմինե Ավետիսյանը պատասխանեց․

«Շատ նկարիչներ կան, որ վաճառում են, ապրում, բայց դրսում ավելի շատ է վաճառվում։ Այո, ապրողներ կան»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս