Մեկնարկել է բուհերում թափուր մնացած տեղերի համար հայտագրման գործընթացը
Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի համար) հայտագրման գործընթացը: Dimord.am կայքում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Լրացուցիչ մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններով առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված երկու միասնական քննությունից դիմորդն ունի դրական միավորներ՝ 7,5 և բարձր:
Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին՝ ժամը 18:00-ին:
Թափուր տեղերի ցանկը հասանելի է dimord.am-ում: Մրցույթի ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին: Հիմնական փուլի մրցույթով արդեն ընդունված դիմորդները լրացուցիչ մրցույթին մասնակցել չեն կարող։
Թափուր տեղերի մրցույթի արդյունքների հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 30-ն է: