ԵՄ արտգործնախարարների խորհրդի որոշումները Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն․ քաղաքագետ
ԵՄ արտգործնախարարների խորհրդի որոշումները, որոնք առնչվում են Հայաստանին, ունեն կենսական նշանակություն և լավ հիմքեր են ստեղծում ԵՄ-ի հետ Հայաստանի հետագա սերտ համագործակցության համար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի երկու որոշումներին, որոնց համաձայն՝ ԵՄ-ն Հայաստանի հետ սկսում է վիզաների ազատականացման երկխոսություն և ՀՀ-ին Խաղաղության եվրոպական հիմնադրամից հատկացվելու է 10 միլիոն եվրոյի օգնություն։
«Տասը միլիոն եվրոյի հատկացումը Հայաստանի պաշտպանական բյուջեի և պաշտպանական ծախսերի համար թեև ճակատագրական որոշում չէ, բայց կուզեի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ առաջին անգամ է, երբ խաղաղության գործիքի ներքո Խաղաղության հիմնադրամից գումար է հատկացվում մի երկրի, որը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ։ Այդ տեսակետից որոշումն իսկապես կարևոր է, որովհետև մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, մինչև կարողացել ենք գալ այդ որոշմանը, որն, իմ կարծիքով, կրելու է շարունակական բնույթ։ Շատ լավ հեռանկարներ են բացվում, որպեսզի Եվրամիության աջակցությունը Հայաստանի պաշտպանական ծրագրերին ու մեր երկրի դիմադրողականության բարձրացմանը գնալով ավելի ընդլայնվի»,- ասաց Ստեփանյանը։