Արցախի հանձնումը ծրագրված էր, մարդն ասում է՝ 2018-ին պետք է ասեի, որ Արցախը մերը չէ. Բագրատ Սրբազան

Արցախի հետ պատահածը բացառապես այն իշխանության ու կառավարության պատասխանատվությունն է, որն այդ ժամին գտնվել է ղեկին, մնացած բոլորը հնարովի է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, Գավառում ասել է «Տավուշը հանուն հայրենիք»- ի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Եթե հաղթանակ լիներ Արցախում, վերագրվելու էր իշխանությանը, ասելու էին՝ մենք հաղթեցինք, հետևաբար պարտության մեջ ինչո՞ւ պետք է ուրիշները մեղավոր լինեն։

Արցախի հանձնումը ծրագրված էր, մարդն ասում է՝ 2018-ին պետք է ասեի, որ Արցախը մերը չէ»,- ասել է նա։

Բագրատ Սրբազանը նշեց, որ իշխանությունը իրենց թիրախավորում էր. «Մեր մասին ամեն ինչ ասում են, իբր հակապետական շարժում ենք, իբր սնվում ենք ռուսներից, գործակալական ցանցերից, արևմտյան աղբյուրներից, սակայն իրենց մասին լռում են, որ սպանել են երկրի էությունն ու բովանդակությունը, իսկ մենք չենք հանդուրժում այդ ամենը»։

Սրբազանը նաեւ ասաց, որ ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցներն իրենք էլ են հասկանում, թե ինչ աղետի մեջ են, բայց ասում են՝ պետությանն ենք ծառայում։

«Իրենք պետությանը չեն ծառայում, այլ ծառայում են նեռին, սատանային։Իսկ նեռը սնվում է արյամբ, ատելությամբ, չարիքով ու ստով։ Մենք չպետք է իրեն թույլ տանք, որպեսզի վայելի այդ ցնծությունը»,- հավելեց նա։

Բագրատ Սրբազանը նշեց, որ իրենք հիմիկվանից մինչեւ սեպտեմբեր պատրաստվում են ակտիվ շրջանի սկսվելուն:

«Տարբեր բաներով են սպառնում, երբեք էսքան հալածանքի շրջան չի եղել, հետեւաբար նշանակում է մեր ճանապարհը ճշմարտության ճանապարհ է»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս