Բանգլադեշում բողոքի ակցիաների ժամանակ 39 մարդ է զոհվել

Բանգլադեշում պետական ​​պաշտոնների քվոտավորման համակարգի դեմ շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 39 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է India Today պարբերականը։

Մայրաքաղաք Դաքայի երկնքում պարեկություն են իրականացնում ռազմական ուղղաթիռները։ Փողոցներ է դուրս բերվել զրահատեխնիկա։ Հեռուստատեսային լրատվական ալիքները դադարեցրել են հեռարձակումը, անջատվել է բջջային ինտերնետը, խախտվել հեռահաղորդակցական կապի համակարգն այլ երկրների հետ։

Հուլիսի 18-ին ոստիկանությունը Դաքայում արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

Ըստ Reuters-ի թղթակցի՝ հուլիսի 19-ին երկրի որոշ հատվածներում նոր ցույցեր են սկսվել, ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։

Բանգլադեշի արդարադատության նախարար Անիսուլ Հաքը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է բանակցությունների ցուցարարների հետ։ Ակցիաների մասնակիցները չեն մերժում իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը, սակայն ցույցերի համակարգող Նահիդ Իսլամը Reuters գործակալությանը հայտնել է, որ բանակցություններ չեն կարող վարվել ցուցարարների նկատմամբ բռնության պայմաններում։

Բողոքի ցույցերը Բանգլադեշում սկսվել են հուլիսի սկզբին այն բանից հետո, երբ մասնավոր և պետական ​​բուհերի հարյուրավոր ուսանողներ հանրապետության տարբեր քաղաքներում դեմ են արտահայտվել 1971 թ. անկախության պատերազմի մասնակիցների հարազատների համար աշխատանքի տեղավորման քվոտաներին՝ դրանք համարելով խտրական: Գրեթե 32 միլիոն երիտասարդներ չունեն աշխատանք կամ մասնագիտական կրթություն 170 միլիոն բնակչությամբ երկրում: Նրանք կարծում են, որ իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում գործազրկության դեմ պայքարի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031