Բրիտանացիները հաստատել են՝ ամերիկյան ինքնաթիռներն օգտվում են Կիպրոսում գտնվող իրենց ռազմաբազայից

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիպրոսի Ակրոտիրիում գործող բրիտանական ռազմակայանի օդանավակայան ամերիկյան ինքնաթիռների թռիչքների փաստը։ Այս մասին հայտնում է Cyprus Mail պարբերականը։

Բրիտանական պաշտպանական գերատեսչությունից լրատվամիջոցին հայտնել են, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռները բրիտանական կողմի թույլտվությամբ իսկապես վայրէջք են կատարել այդ բազայի տարածքում, սակայն դրա նպատակը զինվորականները չեն մեկնաբանել։ Մինչդեռ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի ինքնաթիռներն օգտվում են Կիպրոսում գտնվող բրիտանական բազաներից՝ Գազայում հակամարտության ընթացքում Իսրայել զենք և զինամթերք տեղափոխելու համար:

Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Լետիմպիոտիսը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունները՝ նշելով միայն, որ իր երկիրը չի մասնակցում ռազմական որևէ գործողության։

Ավելի վաղ «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրուլան հայտարարել էր, որ, եթե Կիպրոսի ավիաբազաներից Իսրայելի օգտվելու փորձերի մասին տեղեկությունները հաստատվեն, ապա կղզին ինքնաբերաբար կհամարվի Գազայում ռազմական գործողությունների համամասնակից, իսկ «Հեզբոլլահ»-ի թիրախները կլինեն միջերկրածովյան օբյեկտները։

Լրագրության հետաքննությունների ոլորտում մասնագիտացող բրիտանական Declassified UK պորտալի հրապարակած հատուկ զեկույցում նշվում է, որ Գազայում ռմբակոծությունների իրականացնելու հենց սկզբից ԱՄՆ ռազմաօդային ուժերը թաքցված տարբերանշաններով C-295 և CN-235 ինքնաթիռներով Կիպրոսից թռիչքներ են կատարել Իսրայել։ Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից սկսած 18 այդպիսի ինքնաթիռ Ակրոտիրիից ուղևորվել է Թել Ավիվ։

Իսկ իսրայելական Haaretz ազդեցիկ թերթի տեղեկություններով՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերն ավելի քան 40 ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ Ակրոտիրիից սարքավորումներ, զենք և զինվորականների է տեղափոխել Իսրայել՝ Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմակայաններից։

Բրիտանական երկու խոշոր ռազմակայան տեղակայված է Կիպրոսում` համաձայն 1959 թվականին կնքված Ցյուրիխ-լոնդոնյան համաձայնագրերի։ Ըստ այդմ, Միացյալ Թագավորությունը Հունաստանի և Թուրքիայի հետ միասին Կիպրոսի անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:

Տեսանյութեր

Լրահոս