Ումի՞ց պետք է հիասթափվեի, այս կիսաօրենքներ սարքողներն ի՞նչ կապ ունեն հայերի հետ. Նիկոլ Աղաբաբյան

«Կարծիքս հայտնել եմ դեռ 2018 թվականին, ասել եմ, որ եթե Հայաստանում որևէ բան չփոխվի՝ մենք ունենալու ենք այս վիճակը, մեծ կորուստներ ենք ունենալու, նաև կորցնելու ենք Արցախը»։

Հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը ծնունդով Տավուշի մարզից է՝ Կողբ գյուղից: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ շեշտեց, որ չի ընդունում հայ ժողովրդին ուղղված քննադատությունները, որ վատն են, որովհետև ըստ նրա՝ նույն վատ որակներ ունեցող մարդիկ 1988-ին էլ կային։

«Պարզապես հիմա այդ վատի դրսևորման համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել, դրա համար էլ այդ հատվածն ակտիվ է։

Ընդ որում, մեկ բան էլ եմ ուզում ասել, որ այդ մարդիկ հայ ժողովրդի հետ կապ չունեն։ Իրենք ուղղակի հայի ազգանուն են կրում, հայերեն լեզուն գիտեն, բայց գենետիկորեն որևէ աղերս չունեն հայ ազգի հետ։ Հետևաբար՝ ամենասխալ բանն է՝ այդ մարդկանցով՝ հայ ժողովրդի մասին դատողություններ անել։ Հայ մարդն ազնիվ, աշխատասեր, շնորհաշատ, աստվածաշնորհով օժտված մարդ է։ Այնպես որ, այս ապաշնորհներին մի համարեք հայ ժողովուրդ»,- նշեց մեր զրուցակիցը։

Արվեստագետը վստահ է՝ հայ ժողովուրդը հավերժ է, անհնար է նրան հաղթելը։ Մեջբերելով Շառլ Ազնավուրի հայտնի խոսքը՝ «եթե աշխարհում մեկ մարդ մնա, դա հայը պետք է լինի», Նիկոլ Աղաբաբյանը շեշտեց, որ այս մտքին պետք չէ կասկածել, որովհետև հայն Աստծո ստեղծած ժողովուրդն է։

«Ստացվում է, սրանք Աստծո դեմ են պատերազմում՝ մեր դեմ պատերազմելով, Աստծուն ո՞վ կարող է հաղթել՝ ոչ ոք։ Այնպես որ, չի կարելի հիասթափվել, ձեռքերը ծալել ու նստել, ամեն մեկը պետք է իր ձևով՝ հայավարի ապրի, այսինքն՝ ազնիվ լինի, թե ով, որտեղ, ինչ ստորություն է անում, չպետք է անդրադառնա մարդու ազնիվ ապրելու վրա»,- հավելեց գեղանկարիչը։

Նիկոլ Աղաբաբյանը, մոտ 20 օր է՝ Հայաստանում է և մեզ հետ զրույցում պատմեց, որ երբ ԱՄՆ-ից գալիս էր Հայաստան, հայերն իրեն զգուշացնում էին, թե Հայաստան գալով՝ շատ է հիասթափվելու, սակայն չի հիասթափվել։

«Ումի՞ց պետք է հիասթափվեի, նրանցից, ում մինչև այս գիտեի՞, սրանք, այս կիսաօրենքներ սարքողներն առհասարակ ի՞նչ կապ ունեն հայերի հետ՝ որևէ կապ չունեն։ Հայը բարձր է, սրանց նման չէ։

Դուք տեսեք մեր երիտասարդությանը, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Սյունիքի ջոկատի հետ մարտի դաշտում էի, պետք է տեսնեիք, թե երիտասարդներն ինչ քաջ էին, ինչպես էին կռվում։ Մեզանից ավելի խելացի են, համարձակ, զենքին լավ տիրապետող։ Հիմա թե ինչու եղավ Արցախի կորուստն ու պարտությունը, կարծում եմ՝ բոլորս գիտենք, թե ով ինչ արեց ու ինչպես արեց, որ այսպես եղավ։ Հայը չի պարտվել ու չի էլ պարտվելու»,- եզրափակեց Նիկոլ Աղաբաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս