Բայդենը հայտարարել է, որ չի հրաժարվի ընտրապայքարից և կհաղթի Թրամփին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի դեմոկրատներին նամակ է ուղարկել՝ հայտնելով նրանց, որ մտադիր չէ հրաժարվել նախագահական ընտրապայքարից, հաղորդում է «Արմենպրես»-ը։
«Ուզում եմ՝ իմանաք, որ չնայած մամուլում և այլ հարթակներում շրջանառվող բոլոր շահարկումներին՝ ես հաստատակամորեն վճռել եմ մնալ այս պայքարում, հասցնել այս պայքարն ավարտին և հաղթել Դոնալդ Թրամփին», – գրել է նա։
Բայդենը նշել է, որ գիտի՝ ինչ պատասխանատվություն ու բեռ է կրում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, և որ քաջածանոթ է մարդկանց ունեցած մտահոգություններին և անհանգստություններին։
«Ես կարող եմ այս ամենին պատասխանել՝ հստակ և միանշանակ ասելով. ես կրկին չէի առաջադրվի, եթե միանգամայն վստահ չլինեի, որ լավագույն թեկնածուն եմ 2024 թվականին Դոնալդ Թրամփին հաղթելու համար», – գրել է Բայդենը` հավելելով, որ դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածուների հաստատման գործընթացում իր օգտին քվեարկել է պատվիրակների 87 %-ը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահ Ջո Բայդենի միջև տեղի ունեցած հեռուստաբանավեճում անհաջող ելույթից հետո նույնիսկ Բայդենի որոշ կուսակիցներ սկսել են կասկածի տակ դնել նրա առաջադրման նպատակահարմարությունը։