ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի պաշտոնազրկման խորը արմատները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատներ ունի: Տարբեր հրապարակումների համաձայն՝ մինչեւ 2018-ի հեղափոխությունը՝ ԱՄՆ-ում տաքսու վարորդ աշխատած Պողոսյանը համակարգել է կապի և տիեզերական գործունեությունը, որը, կարծես թե, ձախողվել է:

Թեեւ Պողոսյանն իր պաշտոնանկութան օրը հայտարարել էր, թե իր օրոք.

– Շահագործման են հանձնվել Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի կառավարման կենտրոնն ու ընդունիչ կայանը, իսկ արբանյակի շահագործումն իրականացվում է ըստ նախանշված ծրագրի;

– Մշակվել է Տիեզերքի ռազմավարությունը, որի ընդունման գործընթացը մոտեցել է վերջին փուլին»:

Այս կարևորագույն պաշտոնյային, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին ազատեց նախարարի տեղակալի պաշտոնից, որտեղ Պողոսյանն աշխատում էր 2022 թվականի հունիսի 20-ից:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես և ինչու է Ավետ Պողոսյանը ազատվել պաշտոնից։ Ըստ կառավարությունից մեզ հասած լուրերի, երբ «Հայասաթ-1» արբանյակը ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով, ապա նաև «Արմսաթ-1»-ը, խնդիր են դարձել ոլորտի համակարգող Պողոսյանի համար:

Բանն այն է, որ ըստ տարբեր մասնագետների՝ տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրերի արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը:

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել տարբեր երկրների (ցանկը ճշտվում է, ավելի ուշ կհրապարակենք) կառավարություններից, հորդորել են հետ իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, որակը և մեկնարկը:

Կառավարությունները պնդել են, որ իրենց արբանյակների աշխատանքը խափանում է գրանցել հենց «Հայասաթ»-ի պատճառով։

Ահա, այս պատճառով էլ, թերևս, Ավետ Պողոսյանին պարզապես հեռացրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, սակայն ձախողման համար որևէ այլ պատժամիջոց չի կիրառվել:

«Ժողովուրդ»-ը դիմեց Ավետ Պողոսյանին տեղեկությունները ճշտելու համար, վերջինս մեզ փոխանցեց, թե՝ «Նախ ինձ աշխատանքից չեն ազատել, առավել ևս՝ լուրջ պատճառներով:

Ինչ վերաբերում է «Հայասաթ 1» արբանյակին, դա մասնավոր նախաձեռնություն է, որը պետության և նախարարության հետ կապ ունի միայն այնքանով, որ պետությունից ստացել է տիեզերական գործունեության լիցենզիա՝ օրենքով սահմանված կարգով: Իսկ, եթե նկատի ունեք ՀՀ-ին պատկանող «Արմսաթ 1» արբանյակը, այն բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը՝ ինչպես ի սկզբանե նախատեսված է եղել: Ձեր և որևէ տեղեկություն իրականությանը չի համապատասխանում»:

Հիշեցնենք, որ Ավետ Պողոսյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի քաղաքացիական ամուսինն է»։

Տեսանյութեր

Լրահոս