Բաժիններ՝

Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում թունավորված 7–հոգանոց ընտանիքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հիշեցնենք, որ ընտանիքը թունավորվել էր հունիսի 5-ին երեկոյան ընթրիքից հետո։ Հիվանդանոց էին տեղափոխվել ամուսիններ` 34 և 31 տարեկան և նրանց 5 անչափահաս երեխաները` մի քանի ամսականից մինչև 12 տարեկան։ Երեխաներից 2-ի վիճակը եղել է ծայրահեղ ծանր։ Ավելի ուշ նույն բուժկենտրոնից հայտնել են, որ երեխաներից մեկը՝ 4 տարեկան, մահացել է։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ամուսիններն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, 4 երեխաները դեռևս շարունակում են մնալ բուժհաստատությունում, նրանցից մեկը տեղափոխվել է Երևանի համապատասխան բժշկական կենտրոն։

«Ամուսինները հարցաքննվել են՝ տալով նույնաբովանդակ ցուցմունք։ Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընտանիքի անդամների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Շինուհայր բնակավայրի և Գորիս քաղաքի խանութներից գնված և ընթրիքի համար պատրաստված մսեղենն ու երշիկեղենն ընտանիքի բոլոր անդամներով ուտելուց հետո, երեխաները նաև մրգեր ու հատապտուղներ են կերել»,– ասված է հաղորդագրությունում։

Կատարվել են դեպքի վայրի և համապատասխան խանութ սրահների զննություններ, փորձաքննության համար ստացվել են սննդի, ջրի և այլ անհրաժեշտ նմուշներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս