Հոկտեմբերին Ժնևում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ, «Ազատության»-ը հայտնեց Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:

Ըստ նրա՝ պայմանավորվածությունը նախնական է և ձեռք է բերվել Ադրբեջանի խորհրդարանի ներկայիս նախագահ Սաբինա Գաֆարովայի հետ՝ նախորդ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակված և պարզ չէ՝ արդյոք Գաֆարովան կպահպանի պաշտոնը։

Սիմոնյան-Գաֆարովա վերջին հանդիպումն այս տարվա մայիսին էր Ժնևում։ Այս հանդիպումից մանրամասներ հայկական կողմը չհաղորդեց։ Ադրբեջանական կողմը միայն նշեց, որ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները քննարկել են Ազգային ժողովների ներդրումը խաղաղության գործընթացին։

Սիմոնյանի և Գաֆարովայի առաջին հանդիպումն այս տարվա մարտի 22-ին էր կրկին Ժնևում։ Կողմերը քննարկել էին Հայաստանի Ազգային ժողովի ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջև շփումներ սկսելու հարցը։ Հայկական կողմը կառուցողական էր որակել հանդիպումը։

Տեսանյութեր

Լրահոս