«Կայսերիում քաոս է ստեղծվել». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հունիսի 30-ից երկրի շուրջ ստեղծված քաոտիկ իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը Կայսերիում տեղի ունեցած դեպքը, որը հանգեցրել է հակասիրիական գործողությունների և քաոսային իրավիճակի, որակել է զզվելի և տխրահռչակ:
«Կայսերիում քաոս է ստեղծվել ծայրաստիճան զզվելի և տխրահռչակ ոտնձգության պատճառը: Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են սրանց դերում: Մենք չենք ընկնելու այս նենգ թակարդի մեջ: Ատելության խոսույթներին, ֆաշիզմին և վանդալիզմին տեղիք չենք տալու»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա:
Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել էր ոստիկանության 10 աշխատակից:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամադրու կողմից երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման
Կայսերիի նահանգապետը հանդես էր եկել դեպքի մասին հայտարարությամբ, նշելով, որ բռնություն իրականացնելու համար կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ երեխան գտնվում է հատուկ վերահսկողության ներքո:
Նահանգի ոստիկանապետ Աթանուր Այդընն էլ հայտարարել էր, որ կասկածյալն իր ընտանիքի հետ միասին աքսորվելու է երկրից:
Թուրքիայում տեղի ունեցած դեպքերին հաջորդել էին հուլիսի 1-ին Սիրիայի մի շարք շրջաններում բողոքի ակցիաները, որի ընթացքում այրվել և ապամոնտաժվել են Սիրիայի տարբեր շրջաններում տեղակայված թուրքական դրոշները:
Թուրքիայի ռազմաբազաների մոտ հավաքված ամբոխին կանգնեցնելու համար թուրքական ԶՈՒ-ն նույնիսկ կրակ է բացել դեպի օդ: