«Ավելին կտեսնեք». Բլինքենը՝ Վրաստանում «գործակալների օրենքի» վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունման առնչությամբ ասել է, որ արդեն ձեռնարկվել են մտահոգություններն արտահայտելու ինչ-ինչ քայլեր, բայցև խոստացել է` ավելին կտեսնեք։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Բլինքենը նշել է, որ «գործակալների օրենքն» ակնհայտորեն հակասում է այն եվրոպական ուղղությանը, որին ձգտում են Վրաստանն ու վրացիների մեծամասնությունը:

«(Վրաստանի «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» կապակցությամբ — հեղ.) մենք և բազմաթիվ այլ երկրներ խորը մտահոգություն ենք հայտնել, հատկապես՝ դրա ընդունման կապակցությամբ: Եվ մենք քայլեր ենք ձեռնարկել այդ մտահոգությունը ցույց տալու համար, և կարծում եմ` դուք կտեսնեք ավելին,- ասել է Բլինքենը։

Նշենք, որ ավելի վաղ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտն անհատական ​​պատժամիջոցներ և վիզային արգելքներ էր սահմանել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և խորհրդարանի անդամների, ինչպես նաև իրավապահների և այլ մասնավոր անձանց նկատմամբ։

Հիշեցնենք. 2024 թվականին Վրաստանի կառավարող թիմը խորհրդարան է ներկայացրել նախորդ տարի քննարկված «գործակալների օրենքը»՝ անվանման աննշան փոփոխությամբ և նույն բովանդակությամբ, որն ընդունվել է երեք ընթերցմամբ։ Չնայած զանգվածային բողոքին՝ խորհրդարանական մեծամասնությունը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, և ընթացակարգով հունիսի 3-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրեց «գործակալների օրենքը»։

Տեսանյութեր

Լրահոս