Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը հստակ տեսնում էի, թե ինչ ամպեր են կուտակվել մեր երկրի վրա ու թե ինչ սև օրեր են սպասվում մեզ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«6 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հստակ տեսնում էի, թե ինչ ամպեր են կուտակվել մեր երկրի վրա ու թե ինչ սև օրեր են սպասվում մեզ։ Այն օրը գրեցի. «Ցանկությունս միայն մեկն է. որ հայկական երկու պետությունների վերաբերյալ կանխատեսումներս չիրականանան։ Որովհետև… ինքը կարողացավ պահել Արցախը, իսկ հիմա արդեն դա պետք է ամենքիս անձնական խնդիրը դառնա…»
Ավաղ, կանխատեսումներս իրականացան… Արցախ պահելն էլ անձնական խնդիր չդարձավ մեզ համար։ Շատ ուշ գլխի ընկանք, թե ինչ է կատարվում։ Ինչպես Նարեկացին էր ասում՝ քայլում էինք ու չէինք զգուշանում, կորչում էինք ու չէինք սարսափում, թաղվում էինք ու չէինք խոնարհում… Ցավ դարձավ Արցախը մեզ համար։
Վերջին ամիսներին գլխումս միայն մի երգ է՝ Արթուր Խաչենցի «Եկ քինինք Արցախ»-ը։ Ուզում եմ սիրտս բացել՝ սպանում է ինձ այդ երգը։ Ամեն անգամ լսելիս՝ հոգիս տակնուվրա է լինում։ Սաղ ցավ է։ Ու հիվանդ մոլագարի պես անընդհատ այդ երգն եմ միացնում։ Անընդհատ։ Ինքս իմ հետևից ընկած։
Հիշում եմ՝ Հայրս էլ էր մի ժամանակ այս նույն ապրումների մեջ։ Լուսահոգի Մակիչին անընդհատ խնդրում էր, որ «Անտուն ախպեր»-ը երգի։ Լսում ու վատանում էր։ Իր տունն էր ուզում։ Գանձակում թողած իր տունը։ Ու հիմա ես՝ մոլորված, ստորացած, Գանձակ ու Ստեփանակերտ կորցրած մի մարդ, սաղ արած-չարածս իմաստազուրկ համարելով, մտածում եմ՝ բա եթե ես եմ այս վիճակում, բա էն իսկական նվիրյալներն ի՞նչ ասեն։ Ո՞նց ապրեն։
…Այսօր Սերժ Սարգսյանի 70-ամյակն է։ Մի անգամ գրել եմ՝ շատ ընկերներ ինձ ասում են՝ ինչ լավ է, որ Հայրդ չկա, չի տեսել այս ամենը։ Ասում են՝ սիրտը չէր դիմանա։ Չգիտեմ։ Կարծում եմ՝ կդիմանար։ Ավելին՝ չէր հանձնվի։ Կշարունակեր պայքարել, որպեսզի կորսվածը վերականգնենք։ Ճիշտ այնպես, ինչպես դա այսօր անում է Սերժ Սարգսյանը։
Գիտե՞ք, դա ամենամեծ պատգամն է, որ մեր մեծերը կարող էին փոխանցել մեզ։ Նախագահն այսօր, թերևս, այն բացառիկ մարդկանցից է, որ պայքարի դրոշ է բարձրացնում՝ ամեն օր պնդելով՝ հուսահատությունը մահացու մեղք է։
Այսօր առավոտյան շնորհավորել եմ Սերժ Սարգսյանի հոբելյանը՝ մաղթելով նրան, որպեսզի վերականգնված տեսնի իր կյանքի գործը, վայելի ներդրված ջանքերի պտուղները։ Նորից ու նորից եմ ուզում կրկնել, պարոն Նախագահ, թող Աստված օրհնի Ձեզ։ Շնորհակալություն Ձեր նվիրումի, զոհողությունների, կամքի, առաջնորդության և վերականգնվելու գաղափարը բարձր պահելու համար։ Ու նաև շնորհակալություն այդքան խորատես ուսուցիչ լինելու համար։ Շնորհավոր տարեդարձ, մեծարգո պարոն Նախագահ»։