Այս պահին մեծ ծավալով աշխատանքներ են ընթանում Այրում կայարանի մոտի կամուրջը վերափոխելու համար․ Սանոսյան
ՀՀ Լոռու մարզպետի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այցելել է Այրում կայարան։ Գնել Սանոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Այրում կայարանի մոտ կա երկաթգծի կամուրջ, որին ոչինչ չի պատահել և նախկինում ծառայել է պահածոների գործարանին մատակարարում իրականացնելու համար։
Քննարկումների արդյունքում պարզեցինք, որ այն երկաթուղու համար այլևս գործածելի չէ։ Որոշվեց վերափոխել և հարմարեցնել տրանսպորտային միջոցների համար։
Այս պահին մեծ ծավալով աշխատանքներ են ընթանում կամուրջը վերափոխելու համար, հեռացվում են երկաթգծի ռելսերը, հավելյալ ամրացման աշխատանքներ են կատարվում, որից հետո ասֆալտապատվելու է և հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ծանր բեռները Այրում կայարանից հետո բեռնատարներով տեղափոխել այդ կամրջով»,- գրել է Սանոսյանը։