Սահմանասյուներ տեղադրելով՝ հնարավոր չէ Ադրբեջանից երաշխիքներ ստանալ, ընդամենը պատերազմը երկարաձգելու պատրանք է. Գրիգորի Այվազյան

Տավուշի մարզում ՀՀ իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացի այս փուլն արդեն ավարտին է մոտենում: Մայիսի 15-ին ուշ գիշերը ՀՀ ԱԳՆ-ն շատ կարճ հաղորդագրություն տարածեց, որտեղ միակ տեղեկությունն այն էր, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները քննարկել են կատարված աշխատանքները, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները՝ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն:

Իշխանություններն այս գործընթացը համարում են սահմանազատում Ադրբեջանի հետ, բնորոշում են իբրև հաղթանակ, սակայն միջազգային իրավունքի մասնագետներն ու քարտեզագետները հայտարարում են, որ սա պարզապես Հայաստանի տարածքների միակողմանի զիջում է Ադրբեջանին: Տավուշցիները վստահ են, որ այսպիսով խաթարվելու և վտանգվելու է ոչ միայն իրենց, այլև ողջ Հայաստանի, առանց այն էլ, փխրուն անվտանգությունը։

Այս գործընթացի սկզբում Նիկոլ Փաշինյանը տավուշցիների հետ առաջին հանդիպումներ ընթացքում նրանց անվտանգության երաշխիքներ չէր տվել, միայն ասել էր, որ դրանով կնվազեն Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգների ռիսկերը, միևնույն ժամանակ չէր բացառել, որ Ադրբեջանը կարող է մեկ շաբաթ չկրակել, բայց 8-րդ օրը կրակել։ Իշխանական մի շարք պաշտոնյաներ էլ շարունակում են հայտարարել, որ Բաքվի հետ դեռ դիրքորոշումների տարբերություն կա, բայց իրենք գնում են դեպի խաղաղություն:

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանն ասաց, որ այս հարցում Նիկոլ Փաշինյանն անկեղծ է եղել, քանի որ Ադրբեջանի դեպքում որևէ գործընթաց երաշխիք չի տալիս, որ նա պատերազմ չի սկսի կամ սադրանքների չի դիմի։

Կարդացեք նաև

«Եթե խոսում ենք ադրբեջանական ֆաշիստական ռեժիմի մասին, որի ձեռքերը թաթախված է հայերի արյան մեջ, ապա այդ դեպքում որևէ երաշխիք չկա, որ կարող են սադրանքների չդիմել։ Չգիտեմ, Ադրբեջանն էլ ի՞նչ պետք է անի, որպեսզի ՀՀ իշխանությունները հասկանան, որ իրենց զիջումներից հետո էլ խաղաղություն չի լինելու։ Հատուկ այս իշխանությունների համար Ադրբեջանը բացահայտ ցուցադրում է իր հավակնությունները, նախ ստեղծել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերություն, հայտարարել է, որ իր զորքը ՀՀ այն տարածքներից, որտեղ կանգնած է, դուրս չի գալու։

Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ՝ սահմանասյուներն ընդամենը տեղադրելով՝ հնարավոր չէ Ադրբեջանից ինչ-որ երաշխիքներ ստանալ, ախորժակն ուտելուց է բացվում։ Այս ամենն ընդամենը պատրանք է՝ պատերազմը երկարաձգելու։

Եթե Հայաստանի իշխանությունները երաշխիքներ էին ուզում, պետք է սահմանազատում, սահմանագծում իրականացնեին Ադրբեջանի օկուպացրած ՀՀ տարածքներից»,- շեշտեց Գրիգորի Այվազյանը։

Շարունակելով միտքը, մեր զրուցակիցն ասաց՝ Ադրբեջանը որևէ նպատակ ու ծրագիր չունի Հայաստանի հետ խաղաղ ապրելու, նրա նպատակն ամբողջական Հայաստանի նվաճումն ու ադրբեջանականացումն է։ Տվյալ պարագայում նաև Ադրբեջանը շտապում է, քանի որ ամեն րոպե իրավիճակը կարող է փոխվել, ինչպես փոխվեց 1992 թվականին, երբ Ադրբեջանում բռնկվեց քաղաքացիական պատերազմ։

«Ողջունելի է շարժումը, որը սկսվել է Հայստանում, քանի որ մարդիկ համարում են, որ Հայաստանը, հայրենիքը վեհ է ամեն ինչից։ Իսկ արհեստական տարանջատումներ մտցնել Հայաստան-պատմական Հայաստան-իրական Հայաստան խոսույթի մեջ, որևէ մեկին օգուտ չի բերում, առավել ևս՝ մեր երկրին։

Շարժման վերաբերյալ Ադրբեջանն իր կարծիքն արտահայտել է, որն ամբողջությամբ ցնդաբանություն է։ Պարզ է, որ որևէ մեկը չի հանդուրժի, եթե Ադրբեջանը զորք ուղարկի երկրի ներսում որևէ շարժ կանխելու համար։ Այս մասին պետք է մտածեն այն մարդիկ, որոնք իրական քաղաքականության պատասխանատուն են։ Համոզված եմ, որ բազմադարյա պատմություն ունեցող մեր ժողովուրդն իր ինքնապահպանության բնազդը չի կորցրել՝ առանց սադրանքների իրադարձությունները կընթանան նորմալ ընթացքով»,- շեշտեց նա։

Գրիգորի Այվազյանի մեկնաբանությամբ՝ ՀՀ ներսում իշխանությունները երկրորդային ու երրորդային հարցերի շուրջ բոլորի հետ վիճելով՝ փորձում են անտեսել իրական ու ամենամեծ վտանգը։ Փոխարենը՝ չենք նախապատրաստվում բարենպաստ իրավիճակի, քանի որ իրադարձությունները միշտ չէ, որ Ադրբեջանի օգտին են աշխատելու, և ամեն վայրկյան իրավիճակը կարող է տարածաշրջանում պայթել՝ Իրանի բարձագույն ղեկավարների զոհվելը որպես օրինակ։

«Հիշեցնեմ՝ Իրանի նախագահը Մեջլիսում խոսելով ադրբեջանցիների մասին, ասել էր, որ նրանք ատում են սիոնիզմը։ Դրանից հետո նա սեփական մաշկի վրա զգաց, թե ինչքան են ադրբեջանցիներն ատում սիոնիզմը։ Պատահականությո՞ւն է, որ երեք ուղղաթիռներից հենց երկրի նախագահի ու բարձրաստիճան ղեկավարների ուղղաթիռը կործանվեց։ Արդյո՞ք պատահական է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ միջադեպը։ Իրանն էլ իր հերթին՝ պետք է կողմնորոշվի, այո, Իրանի գլխավոր հոգևոր առաջնորդը երեկ ասաց, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ռաիսիի դիրքորոշումն Իրանի համար շարունակական է, բայց պետք է ռեալ պոլիտիկի օրենքով խաղան»,- եզրափակեց Գրիգորի Այվազյանը։

Տեսանյութեր

Լրահոս