Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպանների հայտարարությունը

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787 համարով թեժ գծին ստացված շուրջ 40 հեռախոսազանգի, ինչպես նաև համացանցի մշտադիտարկման հիման վրա պարզվել է, որ՝

48 քաղաքացի ազատությունից զրկվել է՝ Երևան քաղաքի տարբեր վայրերում տեղի ունեցած խաղաղ անհնազանդության գործողություններն ապօրինաբար ու հարկադրաբար խափանելիս։ Նշված բոլոր քաղաքացիները ենթարկվել են 3 ժամով վարչական ձերբակալման ու ազատ արձակվել։ Ոստիկանության Նոր Նորքի, Արաբկիրի, Կենտրոնականի, Քանաքեռ-Զեյթունի, Էրեբունու բաժիններում նրանց այցելել են փաստաբաններ և ԱԺ պատգամավորներ։

Էջմիածին քաղաքում զենք կրելու պատրվակով ձերբակալվել է 6 անձ։ Նրանց ձերբակալման իրական պատճառն առերևույթ այն է, որ վերջիններս նախապես հայտարարել էին Էջմիածնի թիվ 7 դպրոցի մոտ Նիկոլ Փաշինյանի առջև բողոքի խաղաղ գործողություն կատարելու մտադրության մասին։ Նշված անձինք 6 ժամ անց ազատ են արձակվել։ Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել։

3 քաղաքացի ազատությունից զրկվել է Արմավիր քաղաքում տեղի ունեցած խաղաղ անհնազանդության գործողություններն ապօրինաբար ու հարկադրաբար խափանելիս։

Ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով մարմնական վնասվածք է ստացել մեկ քաղաքացի»։

Տեսանյութեր

Լրահոս