Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
Իսլամաբադի Բարձր դատարանը բավարարել է նախկին վարչապետ և «Շարժում hանուն արդարության» (ՇՀԿ) ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իմրան Խանի կնոջ՝ Բուշրա Բիբիի միջնորդությունը՝ նրան տնային կալանքից Ադիալա բանտ տեղափոխելու վերաբերյալ, որտեղ կալանքի տակ է նրա ամուսինը։ Այս մասին հաղորդում է Dawn պարբերականը։
Հունվարի 31-ին Բուշրա Բիբին և Իմրան Խանը 14-ական տարվա ազատազրկում ստացան խարդախության և փաստաթղթերի կեղծման համար, որոնք վերաբերում են պետական պահոցից 52 նվերների վաճառքի անօրինական գործառնությանը։ Մերձավոր Արևելքի պետությունների ղեկավարներից ստացված նվերների ընդհանուր շուկայական արժեքը գնահատվում է 154 միլիոն ռուփի (գրեթե 2 միլիոն դոլար)։
Հունվարին Խանը և նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին հատուկ դատարանի կողմից դատապարտվել են 10 տարվա բանտարկության՝ պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ Փետրվարի սկզբին դատարանը նախկին վարչապետին և նրա կնոջը մեղավոր է ճանաչել անօրինական ամուսնության մեջ և նրանց դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։
Իմրան Խանը Պակիստանի նախարարների կաբինետը ղեկավարել է 2018-2022 թվականներին։ Կառավարության նախկին ղեկավարը պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլի 10-ին՝ նրան անվստահության քվե հայտնելուց հետո։