Ես ոչ մի բանի ակնկալիք չունեմ, շատ բավարարված եմ իմ հոգևոր ծառայությամբ. ինչ պաշտոն. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է ստի և կեղծիքի դեմ պայքարի մասնակիցների երթը դեպի Երևան:
Այդ ընթացքում Սրբազանը հասցնում է պատասխանել նաև լրագրողների հարցերին:
Նա նշել է, որ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի և դրա շրջանակում գյուղերի հանձնման պատասխանատվությունը ՀՀ իշխանությունները հենց սկզբից փորձեցին բարդել գյուղացիների վրա՝ ամբողջ պետության գոյությունը համարելով 3 գյուղերով պայմանավորված ինչ-որ վիճակ, ինչը և՛ սուտ է, և՛ մոլորեցնող:
«Մի քանի հարյուր գյուղացիները՝ 300, 400, թեկուզ՝ 1000 հոգի, իրենք ինչպե՞ս պիտի մտնեն այդ պատասխանատվության բեռի տակ՝ երկրի պետական սահմանների համար դրական կամ բացասական որոշում կայացնելու: Դա պետք է հանրաքվեով տեղի ունենա, օրինական բոլոր ընթացակարգերով, միջազգային պայմանագրերի սկզբունքների հիմքերի վրա: Երկու հոգի նստում են դեմ դիմաց, սեղանի շուրջ և որոշում, որ այս կտորն այնպես է, այն կտորն այնպես է: Սա սահմանազատո՞ւմ է, սա սահմանագծո՞ւմ է»,- ասել է Սրբազանը` շեշտելով այս գործընթացի կասեցման անհրաժեշտությունը բոլոր առումներով, և, որ մնացած պահանջները ժողովուրդը պետք է ձևակերպի:
Այս համատեքստում Տավուշի թեմի առաջնորդը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի խոստումը, որ հրապարակում ժողովուրդն ինչ ասեց, դա պիտի լինի, որ ոչ մի բան չպետք է թաքցվի, մինչդեռ արվում է ճիշտ հակառակը՝ առանց համարանիշների, մգեցված ապակիներով ավտոմեքենայով անհայտ ինքնության մարդիկ են ուղարկվում Կիրանց:
«Մարդը խոստացել է, որ կգա հրապարակում կկանգնի և ամեն ինչ կպատմի ժողովրդին, ոչ թե գաղտագողի կգա գյուղացիների հետ կհանդիպի, ինչ-որ բաներ կասի, էն մարդիկ էլ զսպվածության մեջ՝ ոչ մի բան չկարողանան հետ պատասխանել: Հետո սպառնալ պատերազմով, ահաբեկել, 2021 թվականին գալ այլ բան խոստանալ, այն մարդուն, որ եկել ու ասել է՝ ձեռքս կկտրեմ, բայց չեմ անի, այդ նույն մարդն այսօր Կիրանցում նստած լացում է»,- շարունակել է Սրբազանը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջին և նրան, որ այդ պահանջով շարժումը ևս պատրա՞ստ է առաջնորդել, նա պատասխանել է, որ ոչ մի բանի ակնկալիք չունի, շատ բավարարված է իր հոգևոր ծառայությամբ:
«Մենք կենսագրություն ունենք, ի՞նչ պաշտոն, ի՞նչ բան: Դրանք ի՞նչ են, չկայացած մարդկանց համար են, որ հիմա էնտեղ նստած՝ վախենում են, աթոռները դողում են տակները, ծնկների մեջ վախ է ընկել»,- ընդգծել է Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ անվտանգային և բանակցային խնդիրներն այս իշխանությունները լրիվ ձախողել են, և այլն:
«Էս մարդիկ էդ պաշտոնների վրա են, որովհետև իրենց համար նշանակալից դեպք է եղել՝ մեկ ծնվել են, մեկ պաշտոն են ունեցել, ուրիշ ոչ մի բան»,- հավելել է նա:
Ամեն դեպքում, լրագրողներից մեկը կրկնել է հարցը Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով շարժումը ղեկավարելու մասին, և, թե ինչ ակցիաներ են պատրաստվում անել:
«Ինչ ակցիա, ապրում ենք մեզ համար: Հիմա որոշել ենք այսպես ապրել, ասենք՝ հիմա մեր տներում չենք, դրսում ենք: Սա շատ խորը հոգևոր պայքար է՝ ստի և ճշմարտության մասին է, այստեղ քաղաքական որևէ բան չկա, իրենք կուզեն, շատ կերազեն, որ քաղաքական դառնա: Ինչ վերաբերում է հնչեցվող անուններին, որ մեր շարքերում են, լավ են արել: Բոլոր մարդիկ իրավունք ունեն և՛ իմ թիկունքում լինելու, և՛ իմ առջևում լինելու, և՛ իմ աջ կողմում, և՛ իմ ձախ կողմում՝ ներառյալ նաև իրենք: Եթե իրենք գույն ունեն, սև ու սպիտակ չեն»,- ասել է նա և անդրադարձել ՔՊ-ականների արձագանքին:
«Ասել եմ իրենց՝ եթե փողոցով եք վերաբերվելու, փողոցով էլ պատասխան կստանաք, եթե գաղափարական դաշտում եք ուզում՝ գաղափարական դաշտում էլ կստանաք: Բայց իրենք մնացել են փողոցում, սա է պրոբլեմը: Փողոցից չհասան տուն, չհասկացան, թե իրենք ով են, որտեղ են գտնվում: Կամ թե՝ իրենց գործունեության հետևանքով մարդկանց կյանքն ինչ աղետների է մատնվում, չհասկացան, մնացին փողոցում, մարդկանց վրա թքելով մնացին, հայհոյանքով մնացին, ականջ կտրող, լեզու կտրող մնացին։ Սրանք են: Փետուրներով վեր են կենում ամբիոնից խոսում են, հետո գնում են, խմելու ժամանակ իրար պատմում են։ Մենք չգիտե՞նք դրա մասին, լրիվ ինֆորմացիաները մեզ հասնում է հենց իրենց միջից։
Ասեմ ձեզ, որ «Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան անդամները, որոնց ողջունում եմ, արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ։ Սա էլ իրենց պատգամ, թող հիմա մտածեն դրա մասին։ Սրա մասին չէի ուզում ասել, տղեք, չվախենաք, ոչինչ»։
Մանրամասները՝ տեսանյութում