Վտանգը համակարգային է, այսօր մեր երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք չունեն ազգային մտածողություն և ազգային շահ չեն հետապնդում. Դովեղի նախկին ղեկավար
Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի նախկին ղեկավար Հայկ Ղազարյանի խոսքով՝ այսօր Տավուշում բնակվող ցանկացած բնակիչ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում ադրբեջանցիներին բերել ու մտցնել հայկական հող, նրանք այդ ամենը զգացել են իրենց մաշկի վրա 90-ականներին։
«Վտանգը միայն այդ տարածքների հանձնումով չէ, վտանգն ավելի համակարգային է, քանի որ այսօր մեր երկիրը ղեկավարում են այնպիսի մարդիկ, որոնք չունեն ազգային մտածողություն ու ազգային շահ չեն հետապնդում։
Այս ամենով մեր դիրքերն ավելի են խարխլվում, բնականաբար, ադրբեջանցիները միամիտ չեն ու գիտեն, թե որտեղից ինչ տարածքներ են պահանջում։ Բազմիցս ասվել է, որ այդ տարածքները տալով՝ մեր գազատարն է հայտնվելու թշնամու թիրախում ու մեր ելքը ՀՀ սահմաններից դուրս թշնամու կողմից դառնալու է վերահսկելի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ղազարյանը։
Հայկ Ղազարյանն այսօրվա նման հիշում է 1984 թվականի Դովեղի դեպքերը, երբ ադրբեջանցիները եկել ու փորձում էին կրկին սահմաններ ճշտել։
«90-ականների պատերազմի արդյունքում մենք 14 հազար հեկտար հող վերադարձրեցինք Հայաստանին։ Ափսոս մեզ, ափսոս, որ մարդկանց կյանքի գնով ազատագրված հողն այսպես հեշտությամբ իշխանությունը վերադարձնում է, այսինքն՝ նվիրում է։ Անգամ, եթե այդ տարածքները լինեին անապատ, հանձնել չէր կարելի, որովհետև դա հայրենիքի տարածքն է, նույնիսկ մեկ մետրի հանձնումը նշանակում է հայրենիքի հանձնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, ինչպես 90-ականներին, այնպես էլ այսօր պետության համար պայքարի, զարթոնքի կարիք կա, որը, ինչպես տեսնում է, սկսվել է Տավուշից, որտեղ բնակիչները հայրենասեր ու խիզախ են։ Նա վստահություն հայտնեց, որ այսօրվա ստեղծված իրավիճակի պատճառն արժեքների ոչնչացումն է, որն իրականացվում է դրսից, հատուկ նպատակով ու հատուկ ղեկավարվող է։
«Դրսից ներդրված հատուկ ծրագրերի միջոցով դրսից մտան ներս ու երկիրն ավերեցին։ Մեր ժողովուրդն արժանապատիվ էր, հայրենիքի համար պայքարող։ Բայց այսօր ամենավտագավորն այն է, որ հաճախ նյութականը վեր են դասում հոգևորից։
Դեռ 2 տարի առաջ մեր ժողովուրդը փողոցում էր, ուզում էր որևէ բան փոխել, չհաջողվեց ուժերին որևէ բան փոխել, մարդիկ հիասթափվեցին։ Այն ժամանակ էներգետիկա կա, հիմա եկեղեցին է մնացել այդ կառույցը, որին մարդիկ հավատում են, հույսը կապում են եկեղեցու հետ, մտածում են, որ եկեղեցին կարող է առաջնորդել իրենց։ Մեր քաղաքական և մտավոր էլիտան պետք է համերաշխություն հայտնի, ու ժողովուրդը տեսնելով նրա միասնությունը՝ կարծում եմ՝ անպայման դուրս կգա պայքարի։ Կարծում եմ՝ սա է ելքը»,- ընդգծեց Հայկ Ղազարյանը։
Հիշեցնենք, որ դեռ 1984թ. հոկտեմբերի 24-ին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը սահմանամերձ Դովեղի սահմանագոտի էր ժամանել ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցելու, Ադրբեջանի հետ սահմանները գծելու աշխատանքները կատարելու նպատակով: Սակայն Վ. Մովսիսյանին և Դովեղի ղեկավարներին սահմանամերձ անտառից ադրբեջանական խաժամուժը մահվան սպառնալիքով տարել էր Ղազախի շրջանի Քամարլու գյուղ, ստիպել, որպեսզի նրանք ստորագրեն մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Դովեղի սահմանագոտու ավելի քան 1800 հեկտար տարածքն Ադրբեջանին է պատկանում: Մովսիսյանը, սակայն, չի ընկրկել ադրբեջանցիների սպառնալիքներին: Եվ կատարված սահմանագծման աշխատանքների արդյունքում Դովեղին է վերադարձվել 1800 հեկտար, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանին՝ ավելի քան 14 հազար հեկտար տարածք: