Բաժիններ՝

Սահմանային միջադեպից հետո Հարավային Կորեայի զորքերը մի քանի ժամով բերվել են մարտական պատրաստվածության

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեային սահմանակից Հարավային Կորեայի շրջաններում գտնվող զորքերն այսօր մի քանի ժամով բերվել են մարտական պատրաստվածության: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հյուսիսկորեացի սահմանապահը նռնակ է նետել սահմանամերձ գոտում շարժվող «չճանաչված օբյեկտի» վրա:

Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները: Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով մոտ 02.30-ին, Խվաչհոն շրջանում, որը գտնվում է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից 118 կիլոմետր հեռավորության վրա:

Ռազմական աղբյուրները հայտնել են, որ այդ միջադեպից հետո սահմանամերձ գոտու զորքերը բերվել են «Չինդոգե 1» մարտական պատրաստվածության՝ բացատրելով, որ նման բան տեղի է ունենում այն դեպքերում, երբ առաջանում է Հյուսիսային Կորեայի կողմից ներխուժման վտանգ:

Հարավային Կորեայի հետախույզներն անմիջապես գործի են անցել, սակայն չեն հայտնաբերել Հյուսիսային Կորեայի կողմից ներխուժման ցուցիչներ, ինչից հետո ժամը 09.20-ին վերացվել է հայտարարված տագնապը:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին շարունակում է լարված մնալ իրավիճակը Կորեական թերակղզում: Ի պատասխան Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի կողմից համատեղ մասշտաբային զորավարժությունների սկսման՝ Հյուսիսային Կորեան ուժը կորցրած ճանաչեց ուղիղ 60 տարի առաջ Հարավային Կորեայի հետ կնքված հրադադարի մասին համաձայնագիրը, որով վերջ տրվեց 1950-1953 թվականների Կորեական պատերազմին:

Հյուսիսային Կորեան հայտարարել է զինված ուժերի մարտական պատրաստվածության բարձրացման մասին՝ Գուամ և Հավայան կղզիներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ինչպես նաև մայրցամաքում գտնվող ամերիկյան օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու համար:

Դրանից հետո ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ստորագրեցին ռազմական նոր արձանագրություն, որն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս միջամտել լոկալ (տեղական) միջադեպերին, մինչդեռ 1953 թվականից գործող ռազմական համաձայնագրով նախատեսվում էր, որ ԱՄՆ-ը պետք է միջամտի միայն խոշորամասշտաբ հակամարտության դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս