Թուրք ընդդիմադիրը «ծաղր» է որակել սիրիացի ապստամբներին Թուրքիայի օգնելու մասին Դավութօղլուի պատասխանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պտգամավոր Հուսեին Այգյունը «ծաղր» է որակել արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուից ստացված պատասխանը:
Սրանից առաջ ամերիկյան The New York Times թերթը, վկայակոչելով իշխանական շրջանակներում ունեցած աղբյուրները, հայտնել էր, որ Թուրքիայի ու արաբական մի շարք երկրների իշխանությունները Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) օգնությամբ վերջին ամիսներին կտրուկ ավելացրել են սիրիացի զինյալներին սպառազինության մատակարարումը:
Ամերիկյան թերթի տվյալներով՝ նախորդ տարվա վերջից Հորդանանից, Սաուդյան Արաբիայից ու Կատարից Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայան է բերվել ավելի քան 160 ռազմական բեռ, որոնցում գտնվել է մոտ 3500 տոննա ռազմական հանդերձանք:
Այս հրապարակումն անմիջապես տարածվել էր թուրքական մամուլում:
Պատգամավոր Հուսեին Այգյունն իր հերթին նույն օրը խորհրդարանական հարցմամբ դիմել էր վարչապետ Էրդողանին՝ խնդրելով պատասխանել իր 11 հարցին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Պատգամավորի բարձրացրած հարցերի թվում են եղել հետևյալ հարցերը. «Ե՞րբ և Թուրքիայի ո՞ր նահանգներում է սկսվել իրականացվել Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) զինյալների նախապատրաստությունը», «Ո՞ր գերատեսչությունն է իրականացնում այդպիսի նախապատրաստություն», «Ո՞ւմ կողմից է ֆինանսավորվում այդ նախապատրաստության անցկացումը», «Ե՞րբ է Թուրքիան սկսել ռազմական օգնություն ցուցաբերել ՍԱԲ-ին», «Մի՞թե ակնհայտ չէ, որ նման գործունեությունն ընկնում է հանցագործություն կատեգորիայի տակ՝ ելնելով նրանից, որ Թուրքիայի Քրեական օրենսգիրքը հանցանք է որակում այլ երկրում պատերազմի սանձազերծումը»:
Էրդողանին ուղղված այս հարցերին պատասխանել է արտգործանախարար Դավութօղլուն: Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով՝ Դավութօղլուն այդ բոլոր հարցերին պատասխանել է ընդամենը երկու նախադասությամբ. «Թուրքիան իրականացնում է արտաքին խաղաղասիրական քաղաքականություն՝ հենված տարածաշրջանային տեսլականի ու հավանության արժանացրած գլոբալ արժեքների վրա:
Չպետք է ուշադրություն դարձնել միջազգային ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնք հենված են անանուն աղբյուրների վրա»: Դավութօղլուի այս պատասխանի կապակցությամբ Այգյունը «ծաղր» է որակել 11 հարցից բաղկացած իր դիմումին Դավութօղլուի տված պատասխանը: