«Ադնազնաչնո, այս պայքարի մեջ որևէ կանխորոշված բան չկա». Րաֆֆի Հովհաննիսյան

Եթե Սերժ Սարգսյանը պատրաստ է՝ բանակցություն, քննարկում, ինչ էլ կոչվի, եթե ուզենա գալ Ազատության հրապարակ, ես չեմ մերժելու, պետք է ողջունեմ: Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական բաց ֆորումի նիստը եզրափակելով՝ նման հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, թե նայելով «նվազագույն ժողովրդավարական պահանջին՝ ընտրություններ, մարզպետներ, ոչ թե վարչապետ, այլ առանցքային գերատեսչություններ, պատկերացրեք, որ ժողովրդի ճնշմամբ կամ պահանջատիրությամբ, այնպիսի վիճակի պետք է բերենք, որ իրենց գիտակցությամբ փոփոխություն լինի»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե «կարող ենք ասել, որ սա հեքիաթային ոլորտից է», բայց շեշտեց, որ հասնելու համար պետք է պայքարել: «Թող «ոչ» ասեն, թող մերժեն, բայց մենք պետք է պայքարենք: Որովհետև, երբ դա լինի, մենք կունենանք Հայաստան, որտեղ քաղաքացին, գործարարը ոչ թե պաշտպանված են հովանավորչությամբ, այլ օրենքով: Ստվերը կբերվի հարկային դաշտ, բյուջե, իսկ դրանից կբխեն աշխատատեղը, թոշակների, աշխատավարձերի բարձրացում»:

Նա ընդգծեց, որ ոչ մեկը ճշմարտության մենաշնորհ չունի, և պետք է դուրս գանք կաղապարներից, ընդունենք սեփական սխալները: «Մի բանում մենք միասին ենք. որ «Բարևի», սիրո հեղափոխությունը տանելու ենք մինչև հաղթանակ: Թույլ տվեք ես էլ մի քիչ բանավիճեմ: Ավագ շաբաթ է, փետրվարի 18-ին մեր ժողովրդի մեծ մասը, ես էլ՝ որպես ժողովրդի մասնիկ, ինքնամաքրվեցինք, հիմա էլ դրա մեջ ենք: Կան նաև մարդիկ, ովքեր ազնիվ քվե տվեցին պարոն Սարգսյանին, ես էլ հարգում եմ, բայց նրա քվեների մեծ մասը ստի, լցոնի վրա է, որը ենթակա է ինքնամաքրման, լավ կլինի, որ մինչև Սուրբ Զատիկ կամ ապրիլի 9-ը ինքնամաքրվեն նաև Սերժ Սարգսյանն ու իր կուսակցությունը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, թե համաձայն է, որ Սահմանադրության 2-րդ կետը կիրառելի է հենց հրապարակում, և իշխանությունը, որը պատկանում  է ժողովրդին, այդ կետը պետք է հրապարակից բանեցնի: Բայց, նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ, քաղաքացիական հոսանք կամ քաղաքական ուժ, որը մեծ արժեք է այս հավաքական պայքարի մեջ, պետք է մի քիչ ինքնաքննադատությամբ զբաղվի:

«Սկսած «Ժառանգությունից», ով արդեն վայր է դրել կուսակցական դրոշը և ավագանու ընտրություններին մասնակցում է «Բարև, Երևան» կարգախոսով: Կարծում եմ, որ՝ այո, պետք է լինեն ժողովրդավարական ատյաններ՝ ինչպես նախախորհրդարանը, բայց միաժամանակ, խնդրում եմ, հիշեք, որ կային շատ մարդիկ, ովքեր հարգելի պատճառներով չմասնակցեցին նախագահական ընտրություններին, որովհետև չէին հավատում, ասում էին, որ ընտրություններն այս 20 տարվա մեջ ոչինչ չէին տվել: Այնպես որ, ամեն մեկն ունի իր տեսակետը, և հիմա մեր ուժը նրանում է, որ բոլորը գալիս են՝ մասնակցողները, չմասնակցողները, որ հասկանում ենք, որ կա հաղթած ժողովուրդ, որ պետք է տանենք ի կատար»,- մասնավորեցրեց նա՝ ավելացնելով, թե՝ ինչպես ռուսներն են ասում՝ «ադնազնաչնո, այս պայքարի մեջ որևէ կանխորոշված բան չկա»:

Նա նշեց, որ ինքը հայցում է այն ուժերի դիրքորոշման վերանայումը, ովքեր չմասնակցեցին նախագահական ընտրություններին ու չեն ուզում մասնակցել քաղաքապետի ընտրություններին: Անդրադառնալով ավագանու ընտրություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ մեր էներգիան՝ որպես մի փոքր ճակատ, պետք է տանենք այդ ընտրությունների ուղղությամբ: Բայց նշեց. «Սխալ է այն տպավորությունը, թե Արմեն Մարտիրոսյանի մասին է: Այստեղ չկա կուսակցական ոչ մի վերնագիր: Հաղթանակը դրված է, և այն պետք է շարունակենք: Հնարավոր բոլոր սահմանադրական միջոցները պետք է կիրառենք՝ այլընտրանքային ատյաններ, հանրահավաքներ»:

Տեսանյութեր

Լրահոս