Ովքե՞ր են առաջադրվել ԵՊՀ ֆակուլտետների դեկանների մրցույթին մասնակցելու համար
Ապրիլին Երևանի պետական համալսարանի որոշ ֆակուլտետներում կանցկացվեն դեկանի ընտրություններ: Մասնավորապես, կընտրվեն մաթեմատիկայի և մեխանիկայի, ժուռնալիստիկայի, կենսաբանության և ֆիզիկայի ֆակուլտետների դեկանները: Այս տարվա մարտի 21-ին արդեն ավարտվել է մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար առաջադրվելու ժամկետը: Այսօր արդեն մինչև երեկո կավարտվի նաև ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
ԵՊՀ գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար միայն մեկ դիմում է ստացվել. «Տվյալ ֆակուլտետի ամբիոնների կողմից առաջադրվել է ֆակուլտետի գործող դեկանը՝ Արթուր Սահակյանը»: (Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի՝ դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների՝ ամբիոնների, գիտական լաբորատորիաների կողմից կամ ինքնառաջադրմամբ): Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ այս պահին ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ևս կա 1 դիմում. ֆակուլտետի ամբիոնները ներկայացրել են գործող դեկան Նաղաշ Մարտիրոսյանի թեկնածությունը:
Նշենք նաև, որ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի ընտրության օրը 2013-ի ապրիլի 5-ն է, իսկ ժուռնալիստիկայի ֆակուլտետինը՝ ապրիլի 8-ին: