Վրաստանն ու ԵՄ-ն Ասոցիացման մասին համաձայնագիրը կարող են նախաստորագրել նոյեմբերին

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 21-22-ին Բրյուսելում անցկացվել է Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցիացման մասին համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների վերջին՝ 14-րդ, փուլը:

Դրանում հիմնականում քննարկվել է համաձայնագրի քաղաքական հատվածը, որի հարցում կողմերը կարողացել են արձանագրել էական առաջընթաց: Դրա արդյունքում կողմերը հնարավորություն ունեն Ասոցիացման մասին համաձայնագիրը նախաստորագրել 2013 թվականի նոյեմբերին՝ Վիլնյուսի գագաթաժողովում:

Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը: Տվյալ բանակցությունները վրացական կողմը ներկայացրել է առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին, իսկ ԵՄ-ի պատվիրակությունը գլխավորել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրեն Գունար Վիգանդը:

Ասոցիացման համաձայնագրի շուրջ Վրաստանի ու ԵՄ-ի միջև բանակցությունները մեկնարկել են 2010 թվականի հուլիսին: Այն փոխարինելու է 1996 թվականին Վրաստանի ու ԵՄ-ի միջև կնքված գործընկերության ու համագործակցության մասին պայմանագրին:

Ասոցիացման համաձայնագիրը նախատեսում է ԵՄ-ի ու նրա օրենսդրության հետ մերձեցման բարձր մակարդակ: Այս համաձայնագրի մասն է կազմում համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը:

Տեսանյութեր

Լրահոս