Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է ընդունել իր առաջնորդի հրաժարականը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմության առաջնորդ Ահմեդ Մուազ Ալ-Հաթիբը լքել է Ազգային դաշինքի ղեկավարի պաշտոնը: Վերջինս իրենից ներկայացնում է սիրիացի ընդդիմադիրների խումբ, որը մի շարք երկրների կողմից ճանաչվել է որպես Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ:

Հաթիբը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ է ազատություն, որը նա չի ունեցել պաշտոնապես. «Իմ ժողովուրդը երկու տարի շարունակ ոչնչացվում է աննախադեպ դաժան վարչակարգի կողմից, իսկ այդ ընթացքում միջազգային հանրությունն անտարբերություն է ցուցաբերում:

Դրա համար էլ ես համոզվեցի, որ սիրիացիներն իրենք պետք է լուծեն իրենց ճակատագիրը: Ես խոստացել եմ, որ հրաժարական կտամ, եթե հատվի որոշակի գիծ: Այժմ ես կատարում եմ իմ խոստումը»: Հաթիբը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ գծի հատման մասին է խոսքը:

Հաթիբի այս անսպասելի հրաժարականը տեղի ունեցավ այն բանից մի քանի օր անց, ինչ օրեր առաջ Ստամբուլում ապստամբների «վարչապետ» ընտրվեց Ղասան Հիտոն, որին չեն ցանկանում ընդունել սիրիական ընդդիմության մի շարք զինված խմբավորումներ:

Ալ-Հաթիբը Սիրիայի ազգային դաշինքի ղեկավար է ընտրվել 2012 թվականի նոյեմբերին՝ երկիրը լքելուց 3 ամիս անց: Նա աչքի է ընկնում չափավոր դիրքորոշմամբ և մասնավորապես փետրվարին հայտարարել էր, որ պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Սիրիայի փոխնախագահի հետ՝ ճգնաժամի քաղաքական կարգավորումը գտնելու նպատակով:

Սիրիայի ազգային դաշինքը, սակայն, հրաժարվել է ընդունել Ալ-Հաթիբի հրաժարականը: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները նրան խնդրել են վերադառնալ աշխատանքի: Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են, որ Հաթիբը շարունակելու է իրականացնել առաջնորդի իր գործառույթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս