Հնդկաստանի ռազմածովային ուժերը 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանել
Հնդկաստանի ռազմածովային ուժերը կալանել են 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ․ սա երկրի պատմության մեջ թմրանյութերի առգրավման խոշորագույն դեպքերից մեկն է: Աս մասին հաղորդում է The Indian Express պարբերականը։
Նշվում է, որ թմրանյութերի խոշոր խմբաքանակը հայտնաբերվել է Գուջարաթի ափերին՝ իրանական նավում։ Ձերբակալվել է 5 մարդ, որոնք, ըստ հրապարակման, կարող են իրանցիներ լինել։
Գործողությունն իրականացվել է Արաբական ծովում, միջազգային ծովային սահմանի երկայնքով։
«Հնդկական ռազմածովային ուժերը թմրամիջոցների վերահսկման բյուրոյի հետ համակարգված գործողությունների ընթացքում կալանել են կասկածելի նավ, որը տեղափոխում էր գրեթե 3300 կգ մաքսանենգ ապրանքներ (3089 կգ չարաս, 158 կիլոգրամ մետամֆետամին և 25 կիլոգրամ մորֆին», – հայտնել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը X-ում:
Գուջարաթի ոստիկանությունը հայտնել է, որ թմրանյութերը պետք է մատակարարվեին երկրի հարավային նահանգներ։
«Մենք այս գործի առնչությամբ ձերբակալել ենք հինգ օտարերկրացիների, որոնք չունեն նույնականացման փաստաթղթեր», – պարբերականին հայտնել է Գուջարաթի ոստիկանության ավագ սպան։