Կապույտ հազի վարակման դեպքերի թիվն աճում է․ մասնագետը հորդորում է պատվաստվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն աշխարհում տարեկան մոտ 40 մլն մարդ վարակվում է կապույտ հազով, որոնցից 300 հազարն ավարտվում է մահվան ելքով: 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է կապույտ հազի 50 դեպք, իսկ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում գրանցվել է 12 դեպք:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Բրիջիդա Սիմոնյանը՝ նշելով, որ հիվանդների գրեթե կեսը մինչև մեկ տարեկան երեխաներն են:
Կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն է և փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։
«Հիվանդությունը սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացումով։ Աստիճանաբար հազը դառնում է նոպայաձև, այսինքն՝ ցիկլիկ հազ, որը շատ բարդ ընթացք է ունենում։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում մինչև մեկ տարեկան երեխաները։ Նրանց մոտ հազը կարող է առաջացնել ընդհուպ մինչև շնչառության կանգ։ Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը և այլն։ Այս փուլին հաջորդում է ընդհանուր լավացման փուլը: Ընդհանուր հիվանդությունը կարող է տևել մինչև 8 շաբաթ և ավելի»,-ասաց մասնագետը:
Սիմոնյանի խոսքով՝ հիվանդությունը ցիկլիկ ընթացք ունի, և համաճարակաբանորեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում յուրաքանչյուր 2-5 տարին մեկ դիտվում է աշխուժացում՝ պայմանավորված չպատվաստված և թերի պատվաստված անձանց ավելացումով։
«Կապույտ հազի այսպիսի աշխուժացում Հայաստանում գրանցվել է 2009 թվականին, 2013-2014 թվականներին, 2017-2018-ին, իսկ 2019 թվականից նույն օրինաչափությամբ նվազում է գրանցվել, սակայն 2023 թվականին կրկին աճել է:
Ըստ օրինաչափության՝ մինչև 2024 թվականի ավարտը կունենանք հիվանդության աճ, այնուհետև՝ նվազում»,-նշեց մասնագետը:
Համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Բրիջիդա Սիմոնյան ևս մեկ անգամ հիշեցրեց, որ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդության առաջացումը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:
Գայանե Գաբոյան