Մահացել է Նիկոլայ Ռիժկովը․ նա Փաշինյանին հիմարիկ էր անվանել
Մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը, այս մասին փետրվարի 28-ին Telegram-ում հայտնել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Ինչպես նշում է iz.ru-ն, նա 94 տարեկան էր:
«Մահացել է զարմանալի և պայծառ մարդ՝ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը»,- գրել է նա։
Ռիժկովը ղեկավարել է խորհրդային կառավարությունը 1985-1991 թվականներին։ 2003 թվականից Բելգորոդի մարզից Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ է։
Ռիժկովին ՀՀ Ազգային հերոսի կոչում է շնորհված: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նա նշանակվել էր Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։
Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է եկել հայանպաստ ելույթներով, կարևորել Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։
2008 թվականի դեկտեմբերի 5-ին նա արժանացել էր «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման։
Ռիժկովի մահվան լուրի ֆոնին հայաստանյան սոցցանցերում հիշում են, որ 2018 թվականի ապրիլին, այսպես կոչված, հեղափոխական գործընթացների ամենաթեժ փուլում ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների հետ լինելով Հայաստանում՝ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, մեղմ ասած, չէր ողջունել Փաշինյանի նախաձեռնած «հեղափոխությունը»։
Այդ փուլում իր այս դիրքորոշմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործընթացների հանդեպ Ռիժկովը ռուսական քաղաքական շրջանակներում եզակիներից էր։
Ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ ԱԺ-ում 2018 թվականի ապրիլին ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների և ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների միջև տհաճ խոսակցություն էր եղել, քանի որ Նիկոլայ Ռիժկովը Նիկոլ Փաշինյանին «հիմարիկ» էր անվանել:
Նա մասնավորապես ասել էր, թե լսել է Փաշինյանի ելույթը RBC հեռուստաալիքով, որտեղ վերջինս անհեթեթություններ է խոսում, և հասկացել է, որ Փաշինյանին չի կարելի իշխանություն վստահել։
Նույն աղբյուրների համաձայն, նա նշել էր․ «Այս հիմարիկը երբեք վարչապետ չի դառնա»։
Պատվիրակության անդամ Չեռնենկոն էլ, փորձելով մեղմել այդ հայտարարություններին հայկական կողմից բուռն արձագանքը, նշել էր, թե ասվածի մեջ վիրավորական բան չկա, քանի որ ռուսական հեքիաթների հերոս «Իվանուշկա հիմարիկը» այնքան էլ վատ կերպար չէ։
Նա նաև այդ օրերին ծավալվող, այսպես կոչված, շարժումը համարել էր «Մայդան»՝ նշելով, որ Փաշինյանն ուզում է ուկրաինական դեպքերի պես Հայաստանում էլ «Մայդան» սարքել։
Նման որակումները լարված քննարկումների պատճառ էին դարձել որոշ հայ պատգամավորների ակտիվ մասնակցությամբ։