ՀՀ-ում կսահմանվեն ազատ տնտեսական գոտիների տարածքում թույլատրելի գործունեության տեսակները
Օրենսդրական նախաձեռնությամբ կսահմանվեն ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների տարածքում թույլատրելի գործունեության տեսակները։ Ազգային ժողովում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը:
«Նախատեսվում է սահմանել ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները՝ նպաստելով մի շարք ոլորտների զարգացմանը. մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, զբոսաշրջություն»,- ասաց Տերյանը։
Նախագծով առաջարկվում է այն մոտեցումը, որ մշակող արդյունաբերության և ծրագրային ապահովման մշակման գործունեության տեսակներից բացի պետք է ներառվեն նաև այն ոլորտները, որոնք ընդգրկում են Կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները:
Մասնավորապես, ծառայությունների ոլորտից ներառվել են զբոսաշրջության զարգացմանը միտված գործունեության տեսակները, ինչպես, օրինակ, հյուրանոցային ծառայությունների եւ կացության ու հանրային սննդի կազմակերպումը: Կսահմանվի ԱՏԳ շահագործողների գործարար ծրագրերի գնահատման համար ուղեցույց: