«Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակիչ, երկու եղբայրների և Արարատի մարզի անչափահաս բնակչի կողմից ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարույթային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրները իրենց մտերիմ, 17-ամյա պատանու հետ ձեռք բերելով իրացնելու նպատակով ապօրինի թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական պայմանավորվածություն, 2024թ. փետրվարի 21-ին եղբայրներից մեկի վարած «OPEL VECTRA 1.8» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրի տարածք։
Անչափահաս մտերիմի հետ համապատասխան տեղորոշման հավելվածի օգտագործմամբ, նրանք փնտրել և գտել են քննությամբ դեռևս պարզման ենթակա անձի կողմից նախապես տրամադրված՝ փաթեթավորված թմրամիջոցի գտնվելու կոնկրետ կոորդինատը։ Հայտնաբերելով այն՝ 17-ամյա պատանին վերցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 500 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով փաթեթը, մոտեցրել ավտոմեքենային, իսկ եղբայրներից մեկն այն ամրացրել է ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ։ Այնուհետև նույն մեքենայով, երիտասարդները ուղևորվել են դեպի Երևան։ Սակայն ճանապարհին, նույն օրը` ժամը 13։00-ին, հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և պարեկային ծառայության ծառայողների հետ, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Արենի բնակավայրի տարածքում նրանք հայտնաբերվել են, ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Իսկ հիշյալ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաքննության ընթացքում կատարված ավտոմեքենայի խուզարկությամբ վերը նշված փաթեթը հայտնաբերվել և վերցվել է:
Նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված փաթեթում առկա 500 գրամ քաշով սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը եղել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 17-ամյա անչափահասի նկատմամբ՝ այլընտրանքային համակցված խափանման միջոցներ՝ գրավ, դաստիարակչական հսկողության հանձնել և չբացակայելու արգելք։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը, իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: