Հայաստանի ու Իրաքի նախագահները քննարկել են պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բաղդադում Իրաքի նախագահի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարությունների ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Անդրադարձ ենք կատարել պաշտպանության և անվտանգության ոլորտներում հայ-իրաքյան համագործակցության խորացման հեռանկարներին»,- նշեց Հայաստանի նախագահը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Իրաքում է։ ՀՀ նախագահը հանդիպում կունենա նաև Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա-Ալ Սուդանիի հետ։

ՀՀ նախագահն այցի ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Բաղդադի համալսարանում։ Կայցելի նաև Էրբիլ, որտեղ հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի և Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահ Նեչիվան Բարզանիի հետ։

Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։ ՀՀ նախագահի պատվիրակության կազմում Իրաք են ժամանել նաև գործարարներ, որոնք կմասնակցեն գործարար համաժողովի։

Տեսանյութեր

Լրահոս