Վահագն Խաչատուրյանը Իրաքի նախագահին ներկայացրել է Հայաստանի քայլերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները` Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին ՀՀ նախագահն ասաց Իրաքի նախագահի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարության ժամանակ։
«Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը և այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասաց ՀՀ նախագահը։
Նա հավելեց, որ Իրաքի նախագահի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր՝ շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավահավասարության սկզբունքները հարգելու վրա:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Իրաքում է։ ՀՀ նախագահը հանդիպում կունենա նաև Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա-Ալ Սուդանիի հետ։
ՀՀ նախագահն այցի ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Բաղդադի համալսարանում։ Կայցելի նաև Էրբիլ, որտեղ հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի և Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահ Նեչիվան Բարզանիի հետ։
Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։ ՀՀ նախագահի պատվիրակության կազմում Իրաք են ժամանել նաև գործարարներ, որոնք կմասնակցեն գործարար համաժողովի։