Վրաստանի խորհրդարանը քվեարկել է պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման օգտին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինապարտության ու զինծառայության մասին» օրենքում ուղղումներ կատարելը, որով նախատեսվում է կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը:
Այդ ուղղումների օգտին միաձայն քվեարկել է 77 պատգամավոր: Ըստ այդ ուղղումների, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 18 ամսից նվազեցվում է մինչև 12 ամսվա: Այս փոփոխությունները վերաբերում են նաև նրանց, ովքեր արդեն իսկ գտնվում են զինծառայության մեջ: Դեռ հայտնի չէ, թե տվյալ օրինագծի վերաբերյալ խորհրդարանում երբ կանցկացվեն 2-րդ և 3-րդ ընթերցումները:
Երեկ Թբիլիսիի մոտ գտնվող «Վազիանի» ռազմաբազայում նաև հրաժեշտ են տվել Աֆղանստան մեկնող զինծառայողներին՝ 3-րդ ու 4-րդ հետևակային բրիգադների 33-րդ և 42-րդ գումարտակներին: Այդ արարողակարգին մասնակցել են Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, զինված ուժերի Միացյալ շտաբի պետ Իրակլի Ձնելաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը: