Աֆղանստանում թալիբները 2 տղամարդու հրապարակային մահապատժի են ենթարկել
Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող մարզադաշտում «Թալիբան»-ը հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել 2 տղամարդու։ Ղազնի քաղաքում իրականացված մահապատիժներին ականատես են եղել հազարավոր մարդիկ։ Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալության թղթակիցը։
Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ մի քանի դատարաններ և Թալիբանի գերագույն առաջնորդ Հայբաթուլա Ախունձադան հրամայել են նրանց մահապատժի ենթարկել «կատարած հանցագործությունների համար»։ Որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տղամարդիկ դատապարտվել են սպանության համար։
Ըստ Associated Press-ի՝ մահապատժի անցկացման վայրում մարդկանց մեծ բազմություն է հավաքվել, շատերը նույնիսկ փորձել են մագլցելով ներս մտնել։
Տղամարդիկ մահապատժի են ենթարկվել գնդակահարության միջոցով․ նրանց վրա արձակվել է 15 գնդակ։
2021 թ․ Աֆղանստանում իշխանությունը զավթելուց հետո թալիբների կողմից հրապարակայնորեն մահապատժի ենթարկվածների թիվն, այսպիսով, հասավ 4-ի։
Թալիբները 1990-ականների վերջին Աֆղանստանում իրենց նախկին կառավարման ընթացքում պարբերաբար հրապարակային մահապատիժներ, մտրակումներ և քարկոծումներ էին իրականացնում: