Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2024 թվականի մայիսի 6-ից: ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում, է, որ այդ փոփոխություններով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը:
Այսպիսով՝ պետությունը հատուկ պաշտպանության տակ է վերցրել գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարաբերություններում թույլ դիրքում գտնվող այլ արտադրողներին:
Մասնավորապես, նոր կարգավորումներով սահմանվել է, որ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում:
Ընդ որում, նշված դեպքերով Հանձնաժողովը կարող է տուգանք կիրառել տնտեսավարողի նկատմամբ՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև տասը տոկոսի չափով:
Օրենսդրական բարեփոխումները մշակվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից Էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համագործակցությամբ: