Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը
Իրանի խորհրդարանի (մեջլիսի) 12-րդ գումարման ընտրություններում մրցող թեկնածուները սկսել են իրենց քարոզարշավը, որը կշարունակվի մինչև փետրվարի վերջ։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Փետրվարի 22-ի վաղ առավոտից թեկնածուներին թույլատրվել է մեկնարկել գովազդային և քարոզչական գործընթացները։ Խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 15 200 թեկնածու, որոնք 3 ամսվա ընթացքում որակավորում են անցել դիտորդ խորհուրդների կողմից, այնուհետև ստուգվել Պահապան խորհրդի կողմից։
Ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները պետք է լինեին նվազագույնը 30 տարեկան, առավելագույնը՝ 75, պետք է ունենային մագիստրոսի կամ դրան համարժեք աստիճան, Իրանի քաղաքացիություն և չպետք է լինեին երկքաղաքացի:
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին այս տարվա ընտրությունները որակել է որպես «իրական մրցակցություն տարբեր քաղաքական խմբերի և խմբակցությունների միջև»:
18 և բարձր տարիքի իրանցիները քվեարկելու են նոր խորհրդարանի թեկնածուների համար 2024 թվականի մարտի 1-ին:
Թեկնածուները պայքարում են խորհրդարանի 290 մանդատի համար, իսկ 5 մանդատ Իրանի խորհրդարանում վերապահված է կրոնական փոքրամասնություններին:
Նախորդ խորհրդարանական ընտրություններն Իրանում անցկացվել են 2020 թվականին։