ԱԺ մուտք գործած երիտասարդը նախկինում երկու անգամ դատված է և ունի հոգեկան հիվանդություն
ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել են դեպքի մանրամասները և ԱԺ վարչական շենք մուտք գործելու փորձ կատարած անձի ինքնություն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նրա ներկայացմամբ, մասնավորապես այսօր 14:50-ի սահմաններում չենթարկվելով ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցների օրինական պահանջներին, քաղաքացին մուտք է գործել ԱԺ տարածք, և անտեսելով կրկին անվտանգության ծառայության աշխատակիցների պահանջները, դանակի գործադրման սպառնալիքով փորձել է մտնել վարչական շենք` ավելին փորձել է դանակով հարվածել ծառայության աշխատակիցներից մեկին:
Անձն իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաև նախազգուշական կրակոցներից հետո, ուստի և նա վնասազերծվել է հրազենի գործադրմամբ: Նրան մարմնական վնասվածք է պատճառվել:
Սոնա Տռուզյանի ներկայացմամբ, նա ստացել է ձախ ազդրի վերին երրորդային շրջանում միջանցիկ հրազենային վնասվածք: Այժմ վիրահատվում է:
Նա տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ տվյալ անձը Մասիս քաղաքի բնակիչ 1988 թ. ծնված Վրեժ Գալստյանն է, ով նախնական տվյալներով, նախկինում երկու անգամ դատվել է, ներկայումս հաշվառված է որպես հոգեկան հիվանդություն ունեցող անձ:
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել ՀՔԾ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի տեղազննություն, առգրավվել են այդ թվում ԱԺ տվյալ տարածքը նկարահանող սարքերը և տեսաերիզը, համապատասխան զննությունից հետո նույնպես կներկայցվի հանրությանը: